ԴԱՏԱԽԱԶԸ ՎԱՐՈՒՅԹԻՑ ՀԵՌԱՑՐԵԼ Է ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԵՒ ԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ՔՆՆՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ ԽՄԲԻՆ . «Հրապարակ օրաթերթ»2022-05-31 14:17:00
«Հրապարակ»-ի տեղեկություններով` գլխավոր դատախազությունը վարույթից հեռացրել է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի գործով քննչական խմբի ղեկավարին։
Դատախազությունից տեղեկության վերաբերյալ մեզ փոխանցեցին.
«2022թ. հունվարի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում:
Դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի՝ 2022թ. հունվարի 17-ի որոշմամբ քրեական գործով ստացված մեղադրական եզրակացությունը չի հաստատվել և լրացուցիչ քննություն կատարելու համար, գրավոր ցուցումներով, վերադարձվել է քննիչին:
Դրա դեմ ներկայացվել է առարկություն, որը, սակայն, վերադաս դատախազի կողմից մերժվել է:
Մայիսի 5-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ կրկին ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում և մայիսի 10-ին գործով դատախազական խմբի դատախազները որոշմամբ լրացուցիչ քննություն կատարելու համար ցուցումներով քրեական գործը վերադարձվել է քննիչին:
Դրա դեմ ևս վարույթն իրականցնող մարմինը ներկայացրել է առարկություն, որը մերժվել է վերադաս դատախազի կողմից:
2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացվել է քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշում: Վերջինս պայմանավորված է եղել նրանով, որ քննիչը, ունենալով պարտականություն կատարելու դատախազի օրինական ցուցումի պահանջները, դրանք ամբողջությամբ կատարված չլինելու պայմաններում հայտարարել է նախաքննության ավարտ: Իսկ դատախազի ցուցումներն ուղղված են եղել քրեական գործով լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ քննության ապահովմանը, կոնկրետ մեղադրանքների հիմնավորմանը:
Օրինական ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին և կասկածի տակ դրել գործով հետագա վարույթի օբյեկտիվությունը և անաչառությունը»։
Նշենք, որ նախաքննությունն իրականացրել է Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն:
Այս նյութը դիտել են - 1187 անգամ