Վստահության ճգնաժամ. ինչո՞ւ են կասկածում իշխանություններին2022-06-02 07:07:00
Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր տարակուսանքն է հայտնել՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» մասով հանրության շրջանում առաջ եկած մտավախությունների հետ, որ առաջանում են ամեն անգամ, երբ Ալիևն ինչ-որ բան է հայտարարում: «Ներքին քննարկումների ժամանակ որոշ մեր գործընկերներ ասում են, այո՛, պետք է լինել սրիկա ու նենգ, որպեսզի որոշակի նպատակների հասնես, բայց մենք չենք գնալու էդ ճանապարհով. մենք շարունակելու ենք լինել առավելագույնս ազնիվ ու արդար»,-մասնավորապես՝ ասել է Հարությունյանը՝ հավաստիացնելով, որ իրենք առավելագույնս թափանցիկ են ժողովրդի առաջ:
Իրականում մարդկանց ուղղված մեղադրանքները, որոնք շռայլել է Հարությունյանը, բնավ հիմնավորված չեն: Բանն այն է, որ ստացվող տեղեկություններն իսկապես հակասական են:
ՀՀ իշխանությունները խոսում են բացվող կոմունիկացիաների մասին՝ բացառելով արտատարածքային տրամաբանությունն, իսկ ահա թշնամական երկրների՝ Ադրբեջանի ու Թուքիայի ղեկավարները շարունակում են «Զանգեզուրի միջանցք» եզրույթի լայն կիրառումն՝ իրենց հասարակություններին վստահեցնելով, որ կարճ ժամանակ անց այն գործարկվելու է՝ միմյանց շաղկապելով համայն թյուրքական աշխարհը:
Խնդիրը բավական խորան է: Հարցը ոչ թե Ալիևի կամ Էրդողանի այս կամ այն հայտարարությունն է, այլ՝ հասարակության ու նորհայաստանյան իշխանությունների միջև գոյացած անդունդը՝ անդունդ, որ անհաղթահարելի դարձավ հատկապես 44-օրյա պատերազմից հետո: Միայն Շուշիի հետ կապված մութ պատմությունն, երբ մինչև վերջին պահը հայտարարվում էր, թե պայքարը մղվելու է մինչև վերջ, իսկ ժամեր անց բոլորը տեղեկացան քաղաքի՝ խորհրդավոր պայմաններում անկման մասին, բավական է, որպեսզի պարզ դառնա, թե ինչու հասարակությունը չի վստահում արայիկհարությունյաններին:
Իհարկե, միայն հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական գործընթացների մասով չէ, որ անվստահություն կա ժողովրդի ու Կառավարության միջև: Նույն պատկերն երկրի ներսում վարվող քաղաքականության մասով է, ինչը փաստարկված է դարձնում նույն ընդդիմության այն պնդումները, որ երկրում առկա է թե՛ լեգիտիմության, թե՛ համընդհանուր վստահության ճգնաժամ՝ ճգնաժամ, որ նույնիսկ 2021-ի ընտրություններն ի վիճակի չեղան՝ լուծելու:
Այս նյութը դիտել են - 1283 անգամ