Ընդդիմությունը՝ ճակատագրական եզրագծին
2022-06-03 08:07:00
Քվորման բացակայության պատճառով Ազգային ժողովի արտահերթ նիստը, որ հայտարարվել էր որպես ջրբաժան ու կուլմինացիոն իրադարձություն, չի կայացել: Ինչպես հայտնի է, արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորներն, իսկ օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝ «Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը:
ՔՊ-ն նախապես հայտարարել էր իր բոյկոտի մասին, իսկ ահա Արթուր Վանեցյանն էլ խոսնակի միջոցով հայտնել էր, որ ինքը նույնպես չի մասնակցելու նիստին: Ի դեպ՝ Վանեցյանը նաև հայտարարել է, որ եթե փողոցային պայքարը չհաջողվի, ինքը խորհրդարան չի վերադառնալու:
Դժվար է ասել, թե չկայացած նիստն ինչպիսի ազդեցություն կթողնի ընդդիմության պայքարի հետագայի վրա, բայց այն, որ նիստը չի կայանում հենց իշխանության մեղքով, արդեն իսկ որոշակի տեղ թողնում է ընդդիմության համար՝ սեփական դեմքը փրկելու:
Մյուս կողմից՝ տեղի ունեցածը նաև յուրատեսակ ստուգատես պետք է համարել, որ ի ցույց դրեց իշխանական թիմի ամրությունը, և ընդդիմության այն հույսերը, որ ՔՊ-ի շարքերում կարող է պառակտում առաջանալ, փաստորեն, չարդարացան, ինչն, իհարկե, բարդացնում է ընդդիմության վիճակն ու կանգնեցնում փակուղու առաջ:
Հիմա ընդդիմությունն ունի երկու ճանապարհ՝ կա՛մ պայքարը մարում է, ու առաջնոդները վերադառնում են խորհդարան՝ շատ լավ հասկանալով դրա հետևանքները, կա՛մ շարունակվում է փողոցային պայքարը՝ հաղթանակի հույսով:
Միանգամից նշենք, որ առաջին տարբերակն առհասարակ կործանարար կլինի ընդդիմության համար, քանզի հատվել են բազմաթիվ կարմիր գծեր, և եթե այսքանից հետո էլ պետք է վերադառնան խորհրդարան, ապա ակնհայտ է, որ այս ընդդիմությունն այս կազմով քաղաքական դաշտից ուղղակի գոլորշիանալու է՝ տոտալ հիասթափություն առաջ բերելով:
Ինչ վերաբերում է երկրորդ տարբերակին, ապա այն ընդդիմության համար պակաս ռիսկային է: Եթե անգամ չհաջողեն, իսկ ցույցերի մասնակիցների թիվը շարունակի չաճել, պայքարի ֆիասկոյի մեղքը հնարավոր կլինի գցել հասարակության վրա ու հայտարարել, որ ձախողումը մարդկանց անադեկվատության պատճառով է:
Ճիշտ է՝ այդ դեպքում էլ կարիք է լինելու պատասխանել հարցին, թե ինչո՞ւ իրենց այդպես էլ չհաջողվեց միավորել հասարակության բոլոր հատվածներին ու իշխանություններին պարտադրել սեփական օրակարգը, բայց դա շատ ավելի հեշտ հարցադրում է, քան իշխանությունների «ջրաղացին ջուր ցնելու» համար հնարավոր մեղադրանքներն ու այդ մասին տրվելիք սուր հարցերը:
Այս իրավիճակում ընդդիմության միակ հույսը մնում է փողոցային պայքարում առավել մեծ քանակությամբ մարդկանց ներգրավումն ու իրական ճնշում առաջացնելը: Եթե դա չհաջողվի անել, ապա բոլորը կարող են տուն գնալ՝ խաչ քաշելով քաղաքական կարիերայի վրա: Այդ դեպքում արդեն ՀՀ-ին անհրաժեշտ կլինի նոր ընդդիմություն, պետք կլինեն նոր դեմքեր ու նոր լիդերներ:
Այս նյութը դիտել են - 1075 անգամ