Նյարդերի պայքար. ի՞նչ վերհանեց բախումը2022-06-06 20:56:00
Երևանի Դեմիրճյան փողոցում ոստիկանական ուժերի ու ցուցարարների միջև բախումն կարելի է՝ աննախադեպ որակել:Նման մասշտաբի բախում, ըստ էության, առայժմ տեղի չէր ունեցել, ինչն, իհարկե, չի կարող չտալ համապատասխան հետևությունների տեղիք: Ընդ որում՝ առաջին հերթին պետք է վերլուծել տեղի ունեցածի քաղաքական կողմը՝ գուցե առայժմ մի կողմ թողնելով հարցի իրավական կամ հումանիտար երեսը:
Այսպիսով՝ բախումն ապացուցում է, որ տեղի է ունենում նյարդերի պայքար ընդիմության ու իշխանության միջև: Հաղթանակը կամ գոնե դրա շունչը կարող է զգալ այն կողմը, որի նյարդերն ավելի ամուր կլինեն, գործողություններն էլ՝ սառնասրտորեն ծրագրված: Դեմիրճյան փողոցի դեպքը տվյալ պարագայում առավելապես խոսեց իշխանությունների նյարդային թուլության, քան հակառակի մասին:
Ի՞նչ էր տեղի ունեցել: Խաղաղ ցուցարարները ճանապարհ էին խնդրել ոստիկանական ուժերից՝ քայլելով գնալու Ֆրանսիայի հրապարակ: Այսինքն՝ որևիցե հակաօրինական պահանջ ոստիկաններին չէր ներկայացվել, ինչին ի պատասխան, սակայն, նույն այդ ուժերն իրականացրել էին յուրատեսակ «կոլցո» օպերացիա՝ շրջափակելով ցուցարարներին: Ասել կուզի՝ տվյալ պարագայում գնալով սադրանքի՝ ոստիկանական ուժերն ի ցույց են դրել սեփական ուժն ու առավելությունը:
Ահա սա է, որ մատնում է նրանց իսկ թուլությունն, ավելի ճիշտ՝ նրանց հրահանգողների վախը: Եթե իշխանությունը՝ բազմահազար ցուցարարներից եկող վտանգ չտեսներ, ուժի ցուցադրություն տեղի չէր ունենա: Իսկ սա արդեն խոսում է այն մասին, որ դիցուք ՔՊ-ականների խրոխտ ելույթները ոչ թե նրանց շրջանում տիրող տրամադրությունների արտացոլանքն են, այլ՝ շիրմա: Ասել կուզի՝ ընդդիմության պայքարը չնայած դանդաղ, բայց գործող ու աշխատող ռումբ է:
Գալով ընդդիմությանը՝ նշենք, որ տեղի ունեցածն, իհարկե, նաև ընդդիմադիրների պատասխանատվության գոտում է: Ընդ որում՝ կատարվածից հետո բարձրանում է հատկապես ընդդիմության քաղաքական պատասխանատվության մակարդակը:Հարցը ոչ միայն ցուցարարների անվտանգությունն է, այլև այդ անվտանգությունն ակամա կասկածի տակ դրած քաղաքական նպատակների իրագործելիությունը: Առաջնորդել մասսաներ, ընկնել բախումների մեջ ու դրանից հետո վայր դնել պայքարի դրոշը կնշանակի լրջագույն հարցականի տակ դնել ոչ միայն սեփական քաղաքական ապագան, այլև բարոյականությունը՝ բառիս առնվազը քաղաքական իմաստով: Ընդդիմությունը չունի հետնահանջի տեղ, միայն թե հարցն այն է, թե կհաջողվի՞, արդյոք, պահել տեմպն ու էնտուզիազմն այն դեպքում, երբ, փաստորեն, ուժ կիրառելուց այլևս չեն խորշում իշխանությունները՝ պայքարը մաշեցնելու հաշվարկով:
Այսինքն՝ ընդդիմության խնդիրն է գնալ մինչև վերջ, ամեն գնով հասնել եթե ոչ ամբողջական իշխանության հեռացմանն, ապա գոնե ինչ-որ չափով համարժեք որևիցե արդյունքի՝ միաժամանակ աչքի առաջ ունենալով այն իրականությունը, որ ժամանակը բնավ անսպառ չէ, իսկ ժամանակը քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, ամենաթանկ ռեսուրսն է:
Այս նյութը դիտել են - 862 անգամ