Այսօր՝ փետրվարի 19-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում հայտնաբերել են մի ամբողջ արսենալ:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի մեծ թվով աշխատակիցներ, ովքեր ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի ոստիկանների հետ հայտնաբերված մեծ քանակի զենք-զինամթերքը փորձում են անվտանգ տեղափոխել ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:
Հայտնաբերվածների մեջ են հրացան, մեծ քանակի ինքնաձիգի փամփուշտներ, РГД-7, մի քանի նռնականետեր՝ 10-ից ավելի նռնակներով, Ֆ-1 նռնակներ և այլ զինտեխնիկա: Տեղում աշխատանքները ղեկավարում են Արմավիրի մարզի ոստիկանապետ Արսեն Այվազյանը և Վաղարշապատի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանը:
Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ՀՀ քր.օր.-ի 235 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է հետաքննություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշվա] շինությունն ու տարածքը պատկանում են Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Տեղում աշխատում են նաև ոստիկանության կինոլոգիայի ծառայության աշխատակիցները, ովքեր շներով այս պահին զենքի և զինամթերքի լրացուցիչ հայտնաբերման աշխատանքներ են կատարում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկանության գործողություններին տեղում հետևում էր նաև նախկին քաղաքապետ Հ. Աբգարյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի © shamshyan.com
Այս նյութը դիտել են - 1484 անգամ