Ընդդիմությունը քաղաքական ինքնասպանություն գործեց
2022-06-15 04:01:00


Վրանները Ֆրանսիայի հրապարակից հանելու մասին Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը թևաթափ է արել ընդդիմության կողմնակիցներին: Շատերն են անակնկալի եկել ընդդիմադիր շարժման առաջնոդներից մեկի անսպասելի հայտարարությունից, որի պատճառով, եթե անկեղծ, ժողովրդի ընդդիմադիր հատվածի մոտ այլևս նկատվում է ոչ միայն հիասթափություն, այլև նույնիսկ ընկճախտ:
Ի դեպ՝ նկատենք, որ վրանները հավաքելու մասին հայտարարությամբ ընդդիմությունն առաջ ընկավ իշխանությունների գործողություններից՝ չթողնելով, որ բանը տուրուդմփոցին հասնի, ինչն, ըստ էության, անխուսափելի էր լինելու, եթե որոշում չկայացվեր Ֆրանսիայի հրապարակն ազատելու մասին:
Իհարկե, դժվար է Իշխան Սաղաթելյանի ելույթը գնահատել որպես լիարժեքորեն պարտվողական, սակայն հայտարարություններն այն մասին, որ պայքարի ձևը փոխվում է, մարտավարությունը կրելու է էական փոփոխություններ, բայց պայքարը չի ավարտվելու, ավելի շուտ հիշեցնում են խոստումնալից բաժակաճառեր, քան նորի խոստում:
Այսպիսով՝ կատարվեց այն, ինչը վաղուց էր ակնհայտ: Խորհրդարանական ընդդիմության փողոցային պայքարը մարեց, իսկ դրա կազմակերպիչներն էլ խոստացան արդեն օգոստոսից ջանքեր գործադրել՝ հենց խորհդարանում լուծելու Փաշինյանի հարցերը:
Թե որքանով իրականություն կդառնան այդ խոստումները, դժվար է ասել, բայց եթե ոմանց հույսը ՔՊ-ականների՝ քաղաքական ինքնասպանություն գործելու անբնական ենթադրյալ մղումն է, ապա այդ հաշվարկը նույնպես սին է դուրս գալու: Քաղաքական ինքնասպանություն գործեն, որ ի՞նչ անեն՝ հազիվ կյանքում մի բանի հասած ՔՊ-ականները:
Մյուս կողմից՝ կարող է խոսք լինել Փաշինյանին մեկ այլ ՔՊ-ականով փոխարինելու մասին միայն այն դեպում, եթե ընդդիմությունը կարողանա գեներացնել քաղաքական ճգնաժամ, որից որպես միակ ելք կարող է դիտարկվել Փաշինյանին փոխարինող գտնելը: Բայց սա նույնպես, մեղմ ասած, ֆանտաստիկ սցենար է: Կասկածի տակ է դրված ընդդիմության քաղաքական հեղինակությունը փողոցային պայքարի դադարեցման պատճառով, և առնվազը ներկա դրությամբ խիստ կասկածելի է թվում ընդամենն երկու ամիս հետո այնպիսի շարժման ձևավորումը, որը կարող է ստիպել ՔՊ-ականներին հանձնվել:
Այս ողջ պատմության մեջ, սակայն, ամենախղճալի դրության մեջ հայտնվեց ժողովուրդը: Մարդիկ հավատում էին, մարդիկ կյանք էին դրել, պայքարի դուրս եկել, բայց ոչինչ էլ չստացվեց: Դե հիմա սրանից հետո գնա ու հավատա…
 
Այս նյութը դիտել են - 1061 անգամ