Ո՞վ խորտակեց ընդդիմությանը
2022-06-15 13:44:00
Վովայի զինակից Լյովա Երանոսյանն է կրկին փայլել իր «ոսկեղենիկ» մտքերով՝ կիսվելով քաղաքական պայքարի ներկա փուլի մասին սեփական տպավորություններով ու «վերլուծություններով»: 
Սա, որ ինքն իրենով մարմնավորում է նախկին ռեժիմին հատուկ ողջ բացասականն ու բռնության, անօրինականության համար մեկ ջատագովներից էր նախկինների օրոք, հայտարարել է, թե նրանք, ովքեր պնդում են՝ շարժումը ձախողվել է, ճիշտ չեն. շաբաթ օրը հանրահավաք է լինելու, ըստ այդմ կերևա, թե արդյոք հիասթափություն կա՞, թե՞ ոչ: 
Միաժամանակ Երանոսյանը, սեփական գլուխը գովալով, չի համաձայնվել այն նկատառման հետ, որ իր մասնակցությունը ցույցերին կարող էր բացասաբար անդրադանալ դրանց արդյունավետության վրա:
Ընդդիմության՝ սեփական մարտավարության վերանայման պատճառն, ըստ էության, իշխանափոխության օրակարգի տապալումը դարձավ: Թե ինչու այդպես ստացվեց, կարելի է երկար-բարակ վերլուծել քաղաքագիտորեն, վերհանել կատարվածի հիմքերն ու առնվազը մոտավոր կերպով կանխատեսել իրադարձությունների հետագա ընթացքը, սակայն այդ ամենը գրեթե ոչինչ կլինի, եթե հաշվի չառնվի կարևորագույն այն հանգամանքը, որի պատճառով է նաև, որ այսօր ընդդիմությունը ստիպված է ուրախացնել իշխանությանը :
Լյովաերանոսյանների կապն է ներկայումս հարթակում գտնվողների հետ, որը մեծապես վանում է պոտենցիալ համակիրներին: Մի՞թե դժվար է հասկանալ, որ մարդկանց մեծամասնությունը, մերժելով ներկայիս իխանություններին, կատեգորիկ կերպով մերժում է նաև նախկինը՝ չվերադառնալու լյովաերանոսյանների ու վովագասպարյանների դարաշրջանին:
Իրենք՝ լյովաերանոսյանները, որոնք սովոր են պարծենալ իրենց անցյալով, երբեք չեն գիտակցի իրենց գործած այն բոլոր ճակատագրական սխալների ու ավերի ծանրությունը, որի պատճառով Հայաստանը հայտնվեց հեղափոխության մղձավանջում:
Չլիներ նույն Լյովա Երանոսյանը, Նիկոլ Փաշինյանը որպես երևույթ չէր գոյանա մեր իրականությունում: Այդ լյովաերանոսյաններն են ծնել հեղափոխությունը՝ դրա համար օբյեկտիվ հիմքեր նախապատրաստելով:
Եթե նույն Լյովա Երանոսյանն ու նրա նման վիճելի դեմքերը չսատարեին ընդդիմության փողոցային շարժումը՝ դրանով իսկ ստվեր գցելով դրա վրա, գուցե այսօր Նիկոլ Փաշինյանն այլևս չլիներ ՀՀ վարչապետը: Բայց չկարողացան իրենց զսպել, ինչի հետևանքով տապալվեց ընդդիմության օրակարգը՝ է՛լ ավելի լեգիտիմացնելով ու քաղաքականապես հզորացնելով իշխանությանը:
Փաստը սա է, ով ինչ ուզում է, թո՛ղ ասի:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1241 անգամ