2020թ. արցախյան պատերազմի պարտությունից հետո զոհասեղանին դրված է Արցախի գոյության, ինչպես նաև Հայաստան երկրի լինել-չլինելու հարցը2022-06-19 19:33:00
Ես հավատում եմ հենց հայ ժողովրդին ու նրա բնազդին: Շատ կուզենայի, որ հայկական ազգային գիտակցությունը, այսինքն՝ էլիտաների ու նրանց ստեղծածի ներուժը լիներ ավելի հզոր, քան ժողովրդական բնազդը, և էլիտաներն իրոք ի զորու լինեին առաջնորդել ժողովրդական բնազդը: Բայց ցավոք, այդպես չէ, հետեւաբար մեր բնազդն ավելի ուժեղ է, քան գիտակցությունը, ինչը նորմալ չէ, բայց այս պահին այդպես է:
Հակառակ որոշ պատկերացումների՝ ժողովրդական զանգվածներն իրական պատմական ուժ են, այլ ոչ թե միայն գործիքներ, և որոշակի սահմանից այն կողմ արդեն, հենց զանգվածներն ու նրանց ազգային բնազդն է միշտ սկսում թելադրել դեպքերի զարգացումը: Վերջին 30 տարիների ընթացքում, Հայաստանում շատ են եղել ժողովրդի ընդվզում, սակայն հարցը հիմնականում ընտրությունների արդյունքների չեղյալ ճանաչելն էր, այսինքն՝ դա զուտ իշխանության համար պայքարն էր, իսկ այսօր լիովին այլ իրավիճակ է, քանզի 2020թ. արցախյան պատերազմի պարտությունից հետո զոհասեղանին դրված է Արցախի գոյության, ինչպես նաև Հայաստան երկրի լինել-չլինելու հարցը։
Ուստի այս պայքարից արագ արդյունքներ ակընկալողները պետք է հասկանան, որ սա Նիկոլին փոխել – չփոխելու հարց չէ: Ասեմ ավելին, այս համաժողովրդական դիմադրությունը չպետք է ավարտվի նույնիսկ Նիկոլին փոխելուց հետո: Սա պայքար է, որով պետք է հայ ազգը կարողանա դիմադրել Արցախից մնացած 25 տոկոսն Ադրբեջանին հանձնելու և Հայաստանից նոր տարածքներ զիջելու իշխանությունների պատրաստակամությանը, մեր պետականությունը կորցնելուն, Բաքվի և Անկարայի գերիշխանություն տակ ընկնելուն, և ի վերջո՝ Հայաստանի թրքացմանն ու թրքական տարածք դառնալուն:
Ֆրանսիայի հրապարակում գեներացվել է այն ուժը, որն ունակ է և պետք է իրավիճակ փոխի երկրում: Մնացած ամեն ինչը մարտավարական հարցեր են, որոնք պարզապես պետք է ճիշտ կազմակերպել։ Այս տեսանկյունից, լիովին հասկանալի է դիմադրության շարժման մարտավարությունը՝ պայքարը պետք է նոր մակարդակի հանել ու հնարավորինս արագ: Պայքարը, պատրաստ եղեք, նոր է սկսվում։ Նահանջ չկա,հետքայլ չկա։
Հակոբ Հակոբյան
Այս նյութը դիտել են - 1019 անգամ