Փաշինյանի  ձեռքի տակ աշխատում են սրբությունները, արժանապատվությունը  կորցրած պաշտոնյաներ.Hraparak
2022-06-20 13:28:00
 
Hraparak. Ամենասուրբ բանը հացն է։ Բանակցություններն էլ են սկսվում հացի սեղանի շուրջ,  պետությունների ճակատագրերն էլ են լուծվում հացի սեղանի շուրջ։  Էդ ո՞ր հարցը չի քննարկվում սեղանի շուրջ։ Հացի սեղանը, որը տարբեր բառերով կարող են անվանել, ամենասուրբ սեղանն է։  Գագիկ Ջհանգիրյանն իր խայտառակ ձայնագրությունը չի մեկնաբանում, պատճառաբանելով, որ  հացի սեղանի շուրջ տեղի ունեցած մասնավոր զրույցի մանրամասները չի մեկնաբանում: 
Եթե հացի սեղանի շուրջ այդ լեքսիկոնով է խոսում իրեն գիտնական ու դասախոս համարողը, էլ չեմ ասում ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը, պատկերացնում եմ մյուս վայրերում ինչպես կխոսի։ Այդ սուրբ սեղանի շուրջ նման բառապաշաով խոսողին մեր մեծերը կասեին՝ հարամ լիներ այն հացը, որ դու ես կերել։ 
Ինձ ավելի քիչ է վրդովեցրել նրա հայհոյանքի ախոռը։ Երբ երկրի վարչապետն է այդ նույն բառապաշարով խոսում, ուրեմն նրա բերած կադրերը կտիրապետեն այդ ախոռի բոլոր նրբություններին։ Ավելին չէի էլ սպասում։  
Ինձ այլ բան է սարսափեցնում։ Ձայնագրությունը լսելով, կարելի է կարծիք կազմել, թե որն է Նիկոլի ապագա Հայաստանը, ուր է տանում երկիրը,  և ինչպիսի հետապնդումներով է մարդկանց ստիպում լռել կամ դիմում գրել ու հեռանալ։ Մենք ունեինք փառապանծ գեներալներ, որոնք լռում են, բայց որոնք գիտեն այն մեծ արհավիրքի մասին, որ բերվեց Հայաստանի գլխին։ Լռության պատճառը մարդուն ոտուձեռով վերացնելու, կորցնելու ռեալ սպառնալիքն է։ Փաշինյանի  ձեռքի տակ աշխատում են սրբությունները, արժանապատվությունը  կորցրած պաշտոնյաներ։ Հնարավոր չէ պատկերացնել երկիր սիրող կամ հայրենասեր պաշտոնյա, որ աշխատի այս իշխանության հետ, որովհետև նրանք մեկ մարդու հրահանգով ավերում են մեր երկիրը։ 
Ջհանգիրյանը այդ մարդկանցից մեկն է։ Նրա հրաժարականով, եթե նույնիսկ լինի, ոչ մի բան չի փոխվի։ Մենք մեծ կեղտի մեջ ենք։
Այս նյութը դիտել են - 1079 անգամ