Այս «սուրբն»  իր արժանապատվությունից ցածր է համարել Ջհանգիրյանի անկեղծ զրույցը մեկնաբանելը. «Հրապարակ»
2022-06-27 09:27:00
 «Հրապարակ». Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Արտակ Զեյնալյանը հայտարարում է, որ իրեն թույլ չի տվել լսել Ջհանգիրյան-Վարդազարան երկխոսության ձայնագրությունը: Ստացվում է, որ այս «սուրբն»  իր արժանապատվությունից ցածր է համարել Ջհանգիրյանի անկեղծ զրույցը մեկնաբանելը: Այդ դեպքում, անհասկանալի է, թե Ջհանգիրյանն ինչպես էր պատրաստվում նրան երաշխավորել այդ բարձր պաշտոնի համար: 
Լրահոսն ալեկոծվել է ավելի շատ Ջհանգիրյանի խոսքի մշակույթի, քան նրա վտանգավոր մտքերի առնչությամբ: Պարոն Զեյնալյան, դրա վրա պետք է կենտրոնանայիք և ինչ-որ կերպ, ինչ-որ տեղ նաև հիմնավորված, մեկնաբանեիք ձեր վերադասի վարքագիծը: 
Խոսքի մշակույթը պարունակում է երեք բաղադրիչ. նորմատիվային, հաղորդակցային (կոմունիկատիվ), էթիկական: Ակնհայտորեն, Ջհանգիրյանի և Վարդազարյանի հանդիպման ժամանակ կարևորվել է հաղորդակցային բաղադրիչը: Լեզվաբանները միշտ ընդունում են խոսքի մշակույթի կոմունիկատիվ կողմի կարևորությունը: Դեռևս խորհրդային ժամանակներում Ս.Օժեգովը գրել է. «Խոսքի բարձր մշակույթը դա լեզվի միջոցով սեփական մտքերը ճիշտ փոխանցելու կարողությունն է: Ճիշտ խոսքը համարվում է այն, որում պահպանվում են ժամանակակից գրական լեզվի նորմերը…Սակայն խոսքի մշակույթը կայանում է ոչ միայն լեզվի նորմերին հետևելու մեջ: Այն կայանում է նաև ոչ միայն սեփական միտքն արտահայտելու ճշգրիտ, այլև ըմբռնելի (այսինքն՝ ավելի արտահայտիչ) և ավելի տեղին (այսինքն՝ տվյալ դեպքի համար ավելի հարմար) միջոց գտնելու մեջ» (տե՛ս Культура русской речи: учебник для вузов / под ред. Л. К. Граудиной и Е. Н. Ширяева. — М.: НОРМА-ИНФА, 2000. — С. 17):
Հետևաբար, հանդիպման ժամանակ կիրառվող խոսքի մշակույթը, կարելի է ենթադրել, որ փորձ է արվել հասնելու վստահելի հաղորդակցման, մտքերը շարադրելու արտահայտիչ և տվյալ դեպքի համար ավելի հարմար ձևի, ինչն էլ խտացված է Ջհանգիրյանի հետևյալ խոսքում. «Ես էդ պիտի անեմ, էդ իմ վզին դրած ա, էդ իմ պարտքն եմ համարում»: Մի՞թե պարոն Զեյնալյանը կարծում է, թե Ջհանգիրյանի վզին հնարավոր է ինչ-որ բան դնել: 30 տարի է, ինչ նա է դնում ում վզին որ ուզես, ինչ-որ ուզես:
Այլ հարց է, թե հասարակությունում գերիշխող արժեհամակարգում որքանով է ընդունելի այն, որ սեփական բարեկեցության և փառասիրության շարժառիթներով ինչ-որ մեկը համաձայնում է «իր վզից կախել ինչ-որ ծանրություն»…Իսկ ինչ վերաբերում է «պարտքին», ապա դժվար թե նրան որևէ մեկը պարտադրած լինի ծանր բեռ վերցնել իր վրա, այդպիսով՝ պարտավորություն առաջացնել նրա համար: Ջհանգիրյանը միշտ պատրաստ է եղել իր վզին ինչ-որ ծանրություն կրել: Վերջնարդյունքում ձեռք է բերել պաշտոններ, նյութական բարեկեցություն, դարձել է ֆինանսաարդյունաբերական մի քանի խմբերի սեփականատերերի հարազատ: Կյանքի մայրամուտին (ինչպես  արտահայտվել է Արթուր Ղազինյանը), շնորհիվ իր ճկունության, կրկին հայտնվել է իշխանության «օլիմպում», ինչն, իրոք, հարգանքի արժանի է: Իշխանության մեջ կան նաև կյանքի մայրամուտին հասած այլ, ոչնչով աչքի չընկնող անձինք (որոնք կաշվից դուրս են գալիս՝ իրենց տրված կարգավիճակներն արդարացնելու համար), բայց Ջհանգիրյանն ունիկալ է, քանզի ստանձնել է պետության ապագայի համար կասկածելի առաքելություն:
Ինչ վերաբերում է խոսքի մշակույթի էթիկական կողմին, ապա յուրաքանչյու հասարակությունում գոյություն ունեն վարքագծի նորմեր: Թեև խորհրդային ժամանակահատվածում էլ խոսքի մշակույթը բարձրակետում չի եղել, այնուամենայնիվ, անկախ Հայաստանում խոսել ինչ-որ մշակույթի մասին, անիմաստ է: «Հելանք» ու նման բառեր իմ սերունդը չի օգտագործել երբևէ: Իսկ «վզին դնելը», «շչոտչիկ միացնելը» և այլն, շրջանառվել են բացառապես քրեական միջավայրի «ակնառու» ներկայացուցիչների՝ հեղինակությունների (կեղծ, թե՞ իրական) շրջանում: 
Այնպես որ, պարոն Զեյնալյան, կարող եք հպարտանալ, որ դուք ոչ միայն Ջհանգիրյանի ժամանակակիցն եք, այլև նրա հովանավորյալը: Ամեն մարդ նման «բախտի» չի արժանանում:
Այս նյութը դիտել են - 1142 անգամ