Ընդդիմությունն անելանելի վիճակում է2022-07-03 14:22:00
Վանեցյանից հետո ԱԺ-ում առաջացած փոթորիկը բավական հետաքրքիր իրավիճակ է ստեղծել հայաստանյան ներքաղաքական դաշտում. ընդդիմադիրների թասիբի ընկնելն ու մեկը մյուսի հետևից սեփական պաշտոններից հրաժարվելը ստեղծել է տպավորւթյուն, թե ընդդիմությունն ամեն գնով խորհրդարանում ջանում է օրակարգ պարտադրել իշխանություններին՝ փողոցում տապալվելուց հետո, և գլխավոր հարցը տվյալ դեպքում թերևս այն է, թե ո՞րն է գլխավոր նպատակը:
Տվյալ պարագայում պետք է խոսել թերևս ոչ թե գլխավոր նպատակի, այլ երազանքի մասին՝ Փաշինյանի հրաժարականի, իսկ լավագույն դեպքում՝ ինքնալուծարվող խորհրդարանի՝ քաղաքական ճգնաժամի պատճառով:
Հարցն էլ հենց այն է, թե որքանո՞վ կհաջողվի ընդդիմությանը գեներացնել այդ ճգնաժամն այն դեպքում, երբ խոսք է գնում ոչ թե տոտալ կերպով պատգամավորական մանդատները վայր դնելու, այլ խորհրդարանական հանձնաժողովներում ճգնաժամ առաջացնելու մասին՝ Դոնթի բանաձևի հենքով:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանական պաշտոներից ընդդիմադիր պատգամավորների հրաժարվելը սկիզբ դառնա տոտալ բոյկոտի՝ վերջնարդյունքում հանգեցնելով մանդատներից հրաժարմանը:
Տեսականորեն հնարավոր է ամեն ինչ, սակայն խնդիրն այն է, որ մանդատներից հրաժարումը քաղաքական սեզոնի փակմանը զուգահեռ ոչինչ ընդդիմությանը չի տալու: Ինչպես ասում են, օրենքը իշխանությունների կողմից է, և եթե բոլոր ընդդիմադիր պատգամավորները մի մարդու պես լքեն էլ ԱԺ-ն, ապա ՔՊ-ն ընդամենը հնարավորություն է ունենալու հանգիստ ու խաղաղ գլխով անցկացնել իր նիստերը՝ առանց ավելորդ աղմուկ-աղաղակ բարձրացնելու:
Իհարկե, նորմալ երկրներում ընդդիմության տոտալ բոյոկտը կհարուցեր քաղաքական ճգնաժամ՝ ստիպելով իշխանություններին վերանայել սեփական պլանները, այց ողջ խնդիրն էլ հենց այն է, որ Հայաստանը ներկա պահին նորմալ երկիր չէ՝ առնվազը քաղաքական իմաստով, հետևաբար պրոցեսներն ու դրանց հանգուցալուծումն էլ ստանդարտ չեն կարող լինել:
Ընդդիմության քայլը տվյալ պարագայում պետք է առավելապես դիտարկել որպես բարոյական պարտքի կատարում, որը հետևանք է տապալված փողոցային պայքարի: Խնդիր կա հաճույք ստանալ՝ մնալով կույս՝ պատրաստվելով նոր քաղաքական սեզոնի բացմանը: Իսկ թե ինչ կլինի աշնանը, պարզ կդառնա «ճտերը հաշվելիս»:
Այս նյութը դիտել են - 824 անգամ