Քրեական անցյալով նորահայտ Հայրենիքի «փրկիչը» այժմ իլուր հայտարարում է, թե սկսում է հայանպաստ գործունեություն
2022-07-09 16:16:00
Մեդիանյուզը գրում է.

Հանրության մեջ Դոն Պիպո մականվամբ հայտնի Արթուր Ասատրյանը ազդարարել է «Հայ խաչակիրների ազատագրական շարժում» ստեղծելու մասին։ Քրեական անցյալով նորահայտ Հայրենիքի «փրկիչը» այժմ իլուր հայտարարում է, թե սկսում է հայանպաստ գործունեություն։
Նրա անունը առավել հայտնի դարձավ 2018թ-ին, երբ Մանվել Գրիգորյանի հետ հաշիվներ մաքրելու հարցով ձերբակալվեց, մահափորձ կազմակերպելու, մարդկանց առևանգելու և ապօրինի զենք զինամթերք կրելու կասկածանքով։
Ավելի վաղ՝ 2013 թվականին հայտնի էր դարձել, որ Իտալիայի իշխանությունները Դոն Պիպոյի վրա միջազգային հետախուզում է հայտարարել` «օրենքով գող» Դեդ Հասանի սպանության հետ կապված գործով:
2008 թվականին Իտալիայի իշխանություններն արդեն ձերբակալել էին Ասատրյանին ու ՀՀ 4 քաղաքացիներն` «օրենքով գող» Արմեն Հարությունյանի (Պուխլի Արմեն Կանևսկի) կողմնակցի սպանության գործով։
Զենքի գործադրմամբ հարցեր լուծող «խաչակիրը» այժմ քրիստոնեական ժպիտով ներկայանում է որպես ազգի փրկիչ և հայապահպանությամբ զբաղվող եզակի գործիչ։
Զավեշտալին այն է, որ Արթուր Ասատրյանը հանրությանը ներկայանում է, որպես նմանը չունեցող հալածված մարդ, այն էլ, իր խոսքով հալածվել է հայ լինելու համար։ Այս հայտարարությունից հետո բավական է տեսնել, թե ինչ ոսկեզոծ միջավայրից է նա իր հարցազրույցը տալիս և ինչքանով է նա իսկապես հալածյալ։ Միաժամանակ չի մոռանում ընդգծի, որ ինքը այնքան ուժեղ է, որ իր դեմ պայքարում են բոլոր կառույցները։ Կիսախելագար մարդու տպավորություն է թողնում հիրավի Դոն Պիպոն, երբ նշում է, թե իր կողմից փաստեր և ապացույցներ ներկայացնելուց հետո ամբողջ աշխարհը իր կողքին կկանգնի։
Հատկանշական է, որ իր իսկ հարցազրույցում հպարտորեն նշում է, թե 22 տարեկանից մեկնել է Հայաստանից և մինչև 2017թ-ը Հայաստանում եղել է ընդամենը 80 օր։ Նա այս ամենը որպես առավելություն է դիտարկում, այնինչ Հայաստանի հետ որևէ առնչություն չունեցող անձը, հիմա խոսում է Հայաստանի խնդիրներից, ավելին՝ իրեն կարգում է փրկիչ։
Այս նյութը դիտել են - 1500 անգամ