Հիմա հզոր բանակ ստեղծելու ժամանակ չունենք և ոչ էլ` ճկուն դիվանագիտություն, գոնե Աստված լսի մեզ...2022-08-03 08:27:00
Հետաքրքիր է ու ցավոտ, որ Հայաստանի իշխանությունների առաջարկով ՀՀ զինվորական ստորաբաժանումները դուրս են գալիս Արցախից, թշնամին էլ հարձակվում է տարբեր կողմերից։ Բաց աչքերով տեսանելի է, որ հայտնվել ենք ծուղակում։ Երևի մեր սրտերը քար են դարձել, այն էլ` ապառաժ քար, որ դիմանում ենք բոլոր սադրանքներին, մեր դեմ լարած որոգայթներին...
Ինչո՞վ է մեղավոր արցախցին, որ հայտնվել է արտաքին ու ներքին թշնամիների թիրախում։ Թշնամու հայացքը Արցախի շատ կարևոր բարձունքների, հաղորդակցական ճանապարհ/միջանցքների վրա է... Իշխանությունների գործը ճկուն դիվանագիտությունն է, որը չունենք, երկրի պաշտպանության համար հզոր բանակ է պետք, բայց կազմալուծեցին, կարելի է ասել` համարյա չունենք, այս երկրի համար զոհաբերվելուն պատրաստ, ցավոք, զինվորականն է, տառապանք կրողը` գիտակից ժողովուրդը։ Ի՞նչ անել ստեղծված իրավիճակում` նորից կորցնե՞լ...Ինչպես էլ լինի, կորցնողը մենք ենք` հասարակ ժողովուրդը... Բայց ո՞վ չգիտի, որ մենք սովոր ենք մեր մեծ վշտից պատերը ճանկռոտել, մեր ատամները կրճտացնել, մեր աղեկտուր ձայնը հասցնել երկինք...
Հիմա հզոր բանակ ստեղծելու ժամանակ չունենք և ոչ էլ` ճկուն դիվանագիտություն, գոնե Աստված լսի մեզ...
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1016 անգամ