Սերժ Սարգսյանը ուղղաթիռից կախված ուզում էր Երևան փախչել. Ազատամարտիկ
2016-02-19 23:14:00

Այսօր կայացած ասուլիսի ժամանակ Ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ, մարտական խաչի ասպետ Խաչիկ Ավետիսյանը և ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը ներկայացրեցին իրենց պատկերացումները 2008թ. մարտի 1-ին կատարված սպանությունների բացահայտման հարցի շուրջ:

Սուրեն Սարգսյանը նշել է, որ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու  ապօրինի իշխանությունները պետք է պատասխան տան իրենց գործած հանցանքների համար: «Նրանք պետք է վայր դնեն իրենց պաշտոնները, այդ ժամանակ ժողովուրդը կորոշի, թե որքան մեղմ պետք է պատժի իրենց»,- ազատամարտիկի խոսքերն է մեջբերում araratnews.am-ը:

Լրագրողները Սուրեն Սարգսյանին հարցրեցին, թե ծանո՞թ է արդյոք գեներալ Վարդան Ավետիսյանի հայտարարությանը, որով նա ասում է, որ Սուրեն Սարգսյանն ազատամարտիկ չէ: Ի պատասխան հարցի, Խաչիկ Ավետիսյանը նախ ասել է, որ Վարդան Ավետիսյանը Սերժ Սարգսյանի մորաքրոջ տղան է, և դրանով ամեն բան ասված է: Այնուհետև պատմեց մի քանի միջադեպեր պատերազմին Սուրեն Սարգսյանի մասնակցության վերաբերյալ:

Ըստ ազատամարտիկների, իրենք մարտի 1-ին, 13.00 ին հավաքվելու են Սարյանի արձանի մոտ, այնտեղից շարժվելու 15.00 տեղի ունենալիք հանրահավաքին:

Որպես վերջաբան Սուրեն Սարգսյանը մի հետաքրքիր պատմություն է պատմել Սերժ Սարգսյանի մասին: «1991-ին զոհվեց Արցախ գնդի մարտիկներից մեկը, դիակը տեղափոխում էինք Երևան: Ուղղաթիռը իջավ Ստեփանակերտում, որպեսզի այլ դիակներ էլ վերցնի: Ստեփանակերտից մի խումբ մարդիկ կախվել էին ուղղաթիռից ու ցանկանում էին դրանով Երևան փախչել: Արցախ գնդի հրամանատար, երջանկահիշատակ Միշա Ապրեսյանն ու փոխհրամանատար Ռոլանդը հրում էին մարդկանց այն կողմˋ որպեսզի ուղղաթիռն օդ բարձրանա ու դիակները տեղ հասցնի: Երբ բոլորն այն կողմ էին քաշվել, մի հաստ ակնոցներով երիտասարդ ամուր բռնվել էր ուղղաթիռից ու պոկ չէր գալիս, Միշա Ապրեսյանը ստիպված ավտոմատի կոթով հարվածեց նրա դեմքին: Երբ երիտասարդն ընկավ, մարդիկ մտածում էին թե մեռել է: Չմեռավ: Այդ երիտասարդը Սերժ Սարգսյանն էր:

ilur.am/news

Այս նյութը դիտել են - 366 անգամ