Խաղաղության օրակարգի տապալումը. ի՞նչ անել
2022-08-03 19:23:00
Անկախ այն բանից, թե ինչ ընթացք կստանան Լաչինի միջանցքի մոտ ծավալված ռազմական գործողությունները, Ադբեջանը որքանով կբորբոքի կրակը կամ ինչ հետագա արկածախնդրության կդիմի կամ չի դիմի, անհերքելի է, որ թշնամու կողմից սանձազերծված բախումն էական հետք է թողնելու խաղաղության մասին երազողների ու այդ օրակարգն ամեն գնով Հայաստանում առաջ մղողների գործի արդյունավետության վրա. քարոզել խաղաղություն մի դեպքում, երբ այն տարածաշրջանից մղոններով հեռու է, անիմաստ է, ժամանակի ու միջոցների զուր վատնում, ինքնախաբեություն:
Ովքե՞ր են այսօր Հայաստանում խաղաղության քարոզիչները: Դրանք հիմնականում իշխանության ներկայացուցիչներն են, որոնք միամտաբար կամ գուցե գիտակցաբար փորձում են հանրությանը համոզել, որ եթե հայաստանցին չատի թուրքին կամ ասենք քիչ լսի պահանջատեր սփյուռահայերին, ապա հնարավոր կլինի թուրքերի հետ քիրվայություն անել, խաղաղ ապրել, ազատ առևտուր անել՝ թևակոխելով բարեկեցության ու անվտանգության դարաշրջան: Ընդ որում՝ բոլոր նրանք, ովքեր փորձում են սթափեցնել նման քարոզ անողներին, բախվում են լրջագույն խոչընդոտների, արտաքսվում կամ բանտվում են և այլն:
Լաչինի դեպքերը ցույց են տալիս, որ խաղաղություն չի լինելու. Լաչինից հետո հերթը հասնելու է Ստեփանակերտին, դրանից հետո՝ Սյունքին, հետո՝ Սևանին ու Երևանին, և այս ամենը՝ խաղաղության մասին հեքիաթների ֆոնին՝ հեքիաթ, որին ակնհայտորեն այն հորինողներն էլ է՛լ չեն հավատում:
Պատերզմից 2 տարի անց կարող էր թվալ, թե այն այլևս չի կրկնվելու, և թուրքին ինչ պետք էր, ստացել է: Այնինչ փաստվում է, որ թուրքը դեռ հայի արյան ծարավ է մնում, ինչպես եղել է միշտ ու լինելու է, և քանի դեռ Հայաստանում չեն սթափվել ու չեն համախմբվել ազգովի, քանի դեռ Սփյուռքի նկատմաբ վերաբերմունքն այնպիսին է, ինչպիսին որ է, լավ բանի պետք չէ սպասել: Կյանքը ցույց է տալիս, որ Էրդողանի օրակարգը Հայաստանում առաջ մղելով՝ վերջնարդյունքում կանգնելու ենք փաստի առաջ՝ ստիպված լինելով կրկնել մեկ դար առաջվա մեր նախնիների հայտնի ճակատագիրը:
Այս նյութը դիտել են - 1258 անգամ