Սփյուռքը կարո՞ղ էր փրկել Արցախը2022-08-06 13:01:00
Թշնամին հայտնել է, որ վերջին սրացումների արդյունքում իրեն հաջողվել է վերահսկողության տակ առնել Սառնասար (Բուզդուխ) լեռը և նրան հարող բարձունքները:
Թե ուրիշ է՛լ ինչ են գրավել ադրբեջանցիները, դեռ հայտնի չէ, բայց ակնհայտ է, որ Արցախում իրավիճակը չի հաջողվում կայունացնել, ինչն էլ իր հերթին առաջ է բերում հավելյալ ջանքերի ու միջոցների ներդրման անհրաժեշտություն՝ երաշխավորելու համար արցախահայության՝ սեփական բնօրրանում ապրելու իրավունքը:
Այս առումով Հայաստանին կարող էր օգնել Սփյուռքը՝ նկատի ունենալով նաև այն, որ դիցուք ամերիկյան կողմից ներկայումս հնչում են լրջագույն մտահոգություններ՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին, իսկ որոշ կոնգրեսականներ ու ազդեցիկ քաղաքական դեմքեր ուղղակիորեն բարձրաձայնում են Ադրբեջանին ամեն գնով զսպելու անհրաժեշտության մասին: Այսինքն՝ կա պարարտ հող՝ սփյուռքահայության ջանքերի մեկտեղման արդյունքում հասնելու շոշափելի արդյունքների:
Ի՞նչ կարող է անել Սփյուռքը:
Այն կարող է Եվրոպայում ու Ամերիկայում համապատասխան երկրների կառավարությունների առջև բարձրացնել արցախահայության անվտանգության երաշխավորման հարցը՝ խնդիր, որ ոչ միայն արցախահայերինն է, այլև ողջ հայությանը: Դրանով թուրքերն ու մյուսները կտեսնեն, որ արցախցիները միայնակ չեն, որ իրենց գլխին տեր ունեն, որ միայն օտարի քմահաճույքին չէ, որ հանձնված են:
Սփյուռքին այսօր պետք է միավորի ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը կամ գերխնդիրը, այլև արցախահայության ճակատագրի հարցում ունեցած մտահոգություններն ու վտանգները՝ նկատի ունենալով նաև այն պարզ ճշմարտությունը, որ Արցախի հիմնահարցը մի մասնիկն է Հայկական հարցի, որի համար պայքարում է Սփյուռքը:
Միևնույն ժամանակ հարց է առաջանում՝ իսկ հայաստանյան ղեկավարությունն ի՞նչ կարող է անել՝ բազմապատկելու Սփյուռքի ջանքերն ու դրանց արդյունավետությունը:
Զարեհ Սինանյանի իրավասության տա՞կ է գտնվում այդ հարցը, բնականաբար, Սփյուռքի հարցերով հանձնակատարը կարո՞ղ է ցանկության դեպքում համակարգել, կոորդինացնել Սփյուռքի գործունեությունը՝ այն հատվածականից վերածելու ամբողջականի, տալու դրան իսկապես կազմակերպված բնույթ՝ ի ցույց դնելու աշխարհին հայության պոտենցիալը ու դրանով իսկ ստիպելու թուրքերին հաշվի նստել Սփյուռքի հետ: Տեսականորեն, իհարկե, ամեն բան էլ հնարավոր է, ուղղակի հարցը ոչ այնքան հնարավորությունների, որքան թերևս ցանկությունների դաշտում է:
Հայաստանը հայտարարում է ամեն գնով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին: Թուրքիան, իր հերթին, ասում է, որ առանց Ադրբեջանի քմահաճույքների բավարարման ինքը չի գնալու ոչ մի դրական քայլի՝ դրանով իսկ Հայաստանին դնելով երկընտրանքի առաջ: Ո՞րն է ընտրում Հայաստանը, թուրքերի հետ ինչ-որ կասկածելի «եղբայրությունը», թե՞ արցախահայության գոյության իրավունքը: Սա է հարցը:
Առայժմ կարծես ընտրությունն առաջին տարբերակի օգտին է, և հենց դա է պատճառը նաև, որ Ալիևը այլասերվել է, դարձել անկառավարելի:
Եթե Հայաստանի իշխանությունները ուզենային, այսօր այլ իրադրություն կլիներ թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում ու Սփյուռքում:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1072 անգամ