Պաշտպանության նախկին նախարարը՝ հարուստների զավակների ծառայության եւ բանակում ինքնասպանությունների մասին Սոցցանցերում աղմուկ բարձրացավ, թե ինչո՞ւ մենք երբեւէ չենք լսում, որ ինչ-որ մի օլիգարխի, մի հարուստ, հայտնի մարդու տղան բանակում զոհվել է: Պատճառը, ըստ օգտատերերի, այն է, որ նրանք առաջնագծում երբեք չեն ծառայում, եթե չասենք, որ չեն ծառայում առհասարակ:
Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում 1999-2000թթ. պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մեր հարցին՝ Ձեր պաշտոնավարման օրոք այսպիսի հարցադրումներ հնչո՞ւմ էին, կա՞ր նման խնդիր, պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, ես դրան միշտ հետեւել եմ: 1991-ին՝ դեռ Սովետական Միության ժամանակ, երբ որ զորակոչ անցկացվեց ՀՀ-ում, ես հետո պահանջեցի ցուցակը, թե ում երեխեքն են գնացել բանակ: Այդ ցուցակն ինձ մոտ է եղել: Ես ստիպում էի եւ հետեւում էի: Հիմա չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել մի բան՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի երեխան ծառայում է առաջին գծում:
Այսօր ես տեսնում եմ, որ այդպիսի պրոբլեմ կա»: ՀՀ զինված ուժերում եւ ԼՂՀ ՊԲ-ում ինքնասպանության դեպքերի աճ է նկատվում, 6 դեպք է գրանցվել, իսկ 2014-ին, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության, 3 դեպք էր արձանագրվել: Մեր հարցին՝ սա մտահոգիչ չէ՞, Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Ես միշտ գնահատել եմ, որ ինքնասպանությունը ավելի վատ միջադեպ է, քան սպանությունը, որովհետեւ ինքնասպանությունը միանգամից չի լինում, զինվորին պիտի հասցնեն դրան: Իսկ եթե հասցրել են ու չեն հետեւել, դա նշանակում է, որ տվյալ ստորաբաժանման սպան ուշադիր չի եղել, չի հետեւել, չի տիրապետել իրավիճակին: Ես շատ բացասական եմ դա գնահատում:
Եթե նորմալ, փորձված սպա է, ինքը զինվորի աչքերին նայի՝ կհասկանա, թե զինվորի հետ ինչ է կատարվում: Ես դա շատ բացասական եմ գնահատում, բայց միեւնույն ժամանակ ասեմ, որ համեմատության մեջ է ամեն ինչ: Կան դեպքեր, երբ պետք է պատժել: Ձեզ ասեմ, որ այդ առումով այսօրվա նախարարը շատ խիստ է: Գիտեք՝ ինչքան քրեական գործ է հարուցվել, եւ ինչքան սպա բանտերում նստած են այդպիսի դեպքերի համար: Նույնիսկ սպաները հիմա բողոքում են, որ իրենց ճնշում են: Հիմա մի հատ զինվորին մի բան արեց՝ սպան գլխով պատասխանատու է: Պետք է ուշադիր հետեւել, եթե մեղավոր կա՝ պետք է պատժել:
Մենք պետք է գիտակցենք, որ այսպիսի բանակում, երբ շփման գծում, շփման գիծն էլ 1000 կմ է, խրամատներում զենքերով մարդիկ են նստած գիշեր-ցերեկ: Իսկ զենքը գիտե՞ք ինչ է: Հակառակորդը դիմացդ է, կան դիրքեր՝ 100 մետր այն կողմ, ու այդ պարագայում այն, ինչ մեր բանակն անում է՝ ղեկավարությունից սկսած, մինչեւ սերժանտը, ես գնահատում եմ շատ դրական իրենց աշխատանքը: Ես համարում եմ, որ մենք իրավունք չունենք իրենց մեղադրել: Ինչ տեղի է ունենում, դա անխուսափելի է»: Վաղարշակ Հարությունյանը պատմեց, թե ինչ սարսափելի դեպքեր են լինում ադրբեջանական բանակում. «Մեր բանակում այդ դեպքերը մեծ չեն: Կան դեպքեր, երբ սպաների մեղքը կա, բայց բանակում այդ ուղղությամբ աշխատում են: Այսօր քննադատել՝ ես դրա նպատակը չեմ տեսնում»:
Ի դեպ, պարոն Հարությունյանը ժամանակին աշխատել է նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ, որը հիմա կալանավորված է՝ ԱԱԾ-ի կողմից հայտնաբերված հանցավոր խմբի հետ կապ ունենալու մեղադրանքով: Ուստի մենք հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է գնահատում իր գործընկերոջ նկատմամբ այդ միջադեպը, չի՞ փորձել տեսակցել նրան, չի՞ հետաքրքրվել նրանով: Վաղարշակ Հարությունյանը պատասխանեց. «Տեսակցել թույլ չեն տալիս: Այս դեպքի մասին ես չեմ ուզում որեւէ բան ասել: Ինֆորմացիա չկա»:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ www.aravot.am