Նիկոլի հերթական ինքնախոստովանությունը
2022-08-19 09:48:00
Երեկվա կառավարության նիստում Նիկոլը, խոսելով «Սուրմալուի» աղետի մասին, սովորության համաձայն հերթական ինքնախոստովանությունը կատարեց , ըստ որի, ինքը երկու տարի առաջ Լիբանանում տեղի ունեցած նավահանգստի պայթյունից հետո հանձնարարական է տվել ստուգելու պայթունավտանգ նյութերի առկայությունը հանրապետությունում, որի մասին հիշել է աղետից հետո և նոր միայն հանձնարարում ստուգել կատարման ընթացքը ։
Այս ամենը հաստատում է բազմաթիվ հրապարակումներն առ այն, որ այս իշխանությունները որևէ աղերս չունեն պետական կառավարման հետ, մասնավորապես, եթե վարչապետն իր իսկ հանձնարարականներին հետամուտ լիներ ու պետական համապատասխան կառույցները գործեին, շատ հնարավոր է չլիներ«Սուրմալուի» աղետը, իհարկե՛, եթե ահաբեկչություն չէր, ինչը վարչապետը բացառել էր՝ «հիմնավորելով» ծխի առկայությամբ և մարդկանց փախնելու փաստով։
Հաջորդ խոստովանությունը՝ իրենց իշխանությունը «անորակ իրականության» հետ կոմպրոմիսի է գնացել՝ անուղղակի հասկացնելով, որ իրենք այնքան էլ մեղավոր չեն։
Այս անգամ Նիկոլը ոչ միայն կոմպրոմիսի է գնացել բոլոր հոռի բարքերի հետ, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր, այլև, այն զարգացնելով նոր որակներով, այդ թվում՝ կոռուպցիայի, հովանավորչության, մենաշնորհների, քրեաօլիգարխիկ համակարգի, իշխանավորների և նրանց ընտանիքների սանձարձակ դրսևորումներով, որին ավելացել է պետության կառավարման բացարձակ անկարողությունը, արդյունքում՝ Հայաստանում հաստատվում է մի նոր այլասերված, հանցավոր, աղետաբեր ռեժիմ։
Վերջում, վարչապետն ավետեց նոր հնարավոր աղետների մասին, որի թիրախում են ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի։
Հ․Գ․ Ամենասարսափելին՝ այս ռեժիմն արժեզրկել է խոսքը և ասելիքը՝ այն փոխարինելով ստով, կեղծիքով, մանիպուլյացիայով, ահաբեկումով։
Հ․Գ․ Ցավակցում եմ <<Սուրմալուի>> աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին։
Պետրոս Մակեյան

 

Այս նյութը դիտել են - 956 անգամ