Կալիֆոռնիան մինչեւ 2035թ. կարգելի բենզինով աշխատող նոր ավտոմեքենաների վաճառքը.golosameriki
2022-08-26 00:01:00
golosameriki.com Կալիֆոռնիայի իշխանությունները հինգշաբթի հայտարարել են, որ ցանկանում են վերջ դնել բենզինով աշխատող ավտոմեքենաների դարաշրջանին։ Օդի մաքրության տեղական կարգավորողը ավտոմեքենաների արտանետումները զրոյական մակարդակի հասցնելու աշխարհում ամենախիստ կանոններն է ընդունել, տեղեկացրել է «Голос Америки»-ն։
Օդային ռեսուրսների Կալիֆոռնիական խորհրդի որոշումն այն մասին, որ մինչեւ 2035թ. բոլոր նոր ավտոմեքենաները, պիկապները եւ ամենագնացները լինեն էլեկտրական կամ ջրածնային, ամենայն հավանականությամբ, կփոխի ԱՄՆ-ի ավտոմեքենաների շուկան, որի վաճառքի 10 տոկոսը բաժին է ընկնում երկրի ամենախիտ բնակեցված նահանգին։
Այս արմատական վերափոխումն ամբողջ նահանգի ավտոմեքենաների (որոնք կկարողանան ձեռք բերել եկամտի ցանկացած մակարդակ ունեցող մարդիկ) համար առնվազն 15 անգամ ավելի շատ լիցքավորող սարքեր, ավելի հուսալի էներգահամակարգեր եւ տրանսպորտային միջոցների բավարար քանակություն կպահանջի։
Դեմոկրատ նահանգապետ Գեւին Նյուսոմը երկու տարի առաջ նահանգի կարգավորող մարմիններին կոչ էր արել մինչեւ 2035թ. արգելել բենզինով աշխատող ավտոմեքենաների վաճառքը, ինչը Կալիֆոռնիայի՝ շրջակա միջավայրի աղտոտման եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի քաղաքականության մասն է կազմում։ Եթե գաղափարն իրականանա այնպես, ինչպես մտահղացվել է, մինչեւ 2040թ. Կալիֆոռնիան կրկնակի կկրճատի ավտոմեքենաների արտանետումները մթնոլորտ։
Սպասվում է, որ մյուս նահանգները նույնպես կհետեւեն այս օրինակին, ինչն էլ ավելի կարագացնի արտանետումների զրոյական մակարդակով ավտոմեքենաների արտադրությունը։
Վաշինգտոն եւ Մասաչուսեթս նահանգների իշխանություններն արդեն հայտարարել են, որ հետեւելու են Կալիֆոռնիայի օրինակին։ Նյու Յորքը եւ Փենսիլվանիան մտնում են 17 նահանգների մեջ, որոնք ընդունել ենԿալիֆոռնիայում առկա որոշ կամ բոլոր չափորոշիչներն արտանետվող գազերի մասին, որոնք ավելի խիստ են, քան դաշնային կանոնները։
Հունիսին Եվրոպական խորհրդարանն աջակցել է մինչեւ 2035թ. Եվրամիության 27 երկրներում բենզինով եւ դիզելային վառելիքով աշխատող ավտոմեքենաների փաստացի արգելման ծրագրին, նույն թվականին Կանադան որոշում կընդունի բացառապես արտանետումների զրոյական մակարդակով աշխատող ավտոմեքենաների վաճառքի մասին։
Այս նյութը դիտել են - 1037 անգամ