ՇՈՒՇԻՆ ՄԵ՞ՐՆ ԷՐ ․․․2022-08-30 12:33:00
hraparak.am
Երբ մի բան կորցնում ես, ու դա քեզ համար թանկ է, ինչպե՞ս կդրսևորես քեզ։ Խոսում եմ ամենատարրականի՝ ասենք զարդի կորստի մասին։ Կփնտրե՞ս, կափսոսա՞ս, ցավ կզգա՞ս։ Հնարավոր ամեն բան կանես՝ կորցրածդ հետ բերելու՞, մի անգամ գոնե կբարձրաձայնե՞ս, որ քո համար ցավոտ էր այդ կորուստը․․․ Խոսքիդ մեջ սեր, ափսոսանք կզգացվի՞․․․
Հիմա անցնենք հայոց ամենամեծ զարդի՝ Շուշիի կորստի, անկման մասին, որի շուրջ կենտրոնացել է մամուլը։ Հիմք ընդունելով այն փաստը, որ Արցախից Երևան գալու ճանապարհին բերման է ենթարկվել Արցախի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար- Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գործող գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանը։ Ու նույն խողովակներով էլ տեղեկացվում է, որ ըստ իրավապահների մեղադրանքի Արզումանյանի գործողությունները բերել են Շուշի բերդաքաղաքի անկմանը։
44- օրյա պատերազմի ժամանակ մենք ունեինք գերագույն գլխավոր հրամանատար, երբ Շուշին անկվեց։ Այսինքն նրան էր պահ տված երեխան՝ Շուշին։ Թե նա իր խնամակալության ժամանակ ու՞մ է վստահել երեխային, ո՞վ է կերակրել մեր լույս ու ճրագին, ինչ են արել նրա վստահորդները երեխայի հետ՝ կոնկրետ Շուշիի անկման մեջ մեղավորներ փնտրելու հետ ոչ մի կապ չունի։
Մենք երեխան վստահել ենք գերագույն գլխավոր հրամանատարին ու բնական է՝ երեխան պահանջում ենք Փաշինյանից։
Եթե նա երեխային հանձնել է անբարեխիղճ մարդկանց տնօրինությանը, դա նրան բնավ չի ազատում՝ գլխավոր մեղավոր լինելու ծանր հետևանքային պատասխանատվությունից։ Հետևաբար Շուշիի անկման հետ կապված մեղավորներ գտնելու իր փնտրտուքն անօգուտ է։ Դատավորի պատմությունն եմ հիշում, թե ինչպիսի որոշում է կայացնում՝ երեխայի իսկական մորը գտնելու համար։ Նույն դատավորի անաչառությամբ հարցնում եմ՝ Շուշին մե՞րն էր, Նիկոլ Փաշինյան։ Երեխան մե՞րն էր։ Նկատի ունեմ հայ ժողովրդինը։ Շուշին դժբախտ ու դժգու՞յն չէր։ Արցախը Հայաստան է ու վե՞րջ․․․ Ու առաջին բարձրաձայնած տողերս կուզեի մի անգամ էլ կարդայիք։ Երբ մի թանկ բան կորցնում ես, նույնիսկ՝ իր, մի անգամ գոնե նրա մասին կբարձրաձայնե՞ս։ Վերջին անգամ ե՞րբ ես Շուշի, Արցախ գնացել։
Այս նյութը դիտել են - 861 անգամ