Սեպտեմբերմեկյան խոհեր...2022-08-31 12:52:00
Սեպտեմբերմեկյան խոհեր...
Այս անգամ սեպտեմբերի 1-ը երկրի հոգսերով առավել շատ ծանրաբեռնված է։ Այս անգամ այն ինձ համար տարբերվող է, երբ ամառային արձակուրդ չվայելած ուսուցչուհիս դպրոց կմտնի որպես թոշակառու` ժամամակավոր փոխարինելով իր գործընկեր ուսուցչուհուն։ Թվում է` գերհոգնած եմ, բայց փրկությունս դասարան մտնելն է, շփվելը աշակերտների հետ։ Այսպես կշարունակենք ապրել, դասերից հետո հոգսերը կխտանան դպրոցից տուն տանող ճանապարհին, խանութ մտնելիս, հեռուստացույց միացնելիս, համացանցի լուրերից, ֆբ բազմաբնույթ գրառումներից...
Մեր սրտի զարկերը նորից կլսենք մինչ հաջորդ անգամ դպրոց գնալը։ Կժպտանք, ինչպես միշտ, երբեմն մեր ծիծաղը կիսատ կմնա դեռահասի հարցից, թե որքանով է ապահով մեր կյանքն Արցախում։ Կերազեիր այդ պահին զանգը տար, կցանկանայիր նրա աչքերին չնայել, ամպագոռգոռ երկինքը գուցե փրկություն դառնար, որ խուսափեիր այդ հարցի պատասխանից։
Բայց ո՛չ, մի ծամածռված ժպիտ դեմքիդ կխաղա, որ հուսադրես դեռահասին, մայրենին կդողա շուրթերիդ, հայացքդ Բարձրյալին կուղղես` նոր օրվա սպասելիքով։
Այդ օրը նորից կշնորհավորենք Գիտելիքի օրը, միմյանց խաղաղ օրեր կցանկանանք, կխուսափենք նայել երկնքի թափառող ամպերին, երբ երկարատև խաղաղության անափ կարոտով մի ամբողջ կյանք երազել ենք։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 854 անգամ