Ամերիկան՝ Արցախի կողքին. ո՞րն է ՀՀ իշխանությունների դիրքորոշումը
2022-09-02 08:19:00


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի մի շարք անդամներ շնորհավորական ուղերձ են հղել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին Արցախի անկախության 31-ամյակի առթիվ՝ հավաստիացնելով, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբն իր աջակցությունն է հայտնում և կանգնած է Արցախի ժողովրդի կողքին: «Մենք Միացյալ Նահանգների կառավարությանը մղում ենք, որպեսզի բոլոր հասանելի դիվանագիտական գործողություններով ադրբեջանական և թուրքական ռեժիմները պատժվեն 2020 թվականին Արցախի դեմ հարձակման և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար… Մենք կարևորում ենք Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին»,-մասնավորապես՝ ընդգծել են կոնգրեսականները:
ԱՄՆ կոնգրեսականների ուղերձը, անշուշտ, ևս մեկ անգամ վերահաստատում է ԱՄՆ հանձնառությունը՝ տարածաշրջանում հասնելու երկարատև ու ամուր խաղաղության՝ առաջին հեթին հիմնված արդարության սկզբունքի վրա, քանի որ ինչպես հուշում է նույն Եվրոպայի պատմությունը, ամուր խաղաղության հասնելու համար կարևոր է արդարության սկզբունքի երաշխավորումը:
Միաժամանակ ուղերձում հստակ շարադրվում է, թե ինչ է տվյալ պարագայում «արդարություն» ասվածը. դա նախևառաջ ադրբեջանական կողմին պատասխանատվության ենթարկելն է, հետո՝ «Արցախի ժողովրդի ուղիղ մասնակցությունը՝ երկրի տարածքային ամբողջականության, միջազգային կարգավիճակի և կայուն ու տևական խաղաղության վերաբերյալ բանակցություններին»:
Ուղերձի բովանդակությունը, իհարկե, հասկանալի է, բայց հասկանալի չէ հայկական կողմի դիրքորոշումը՝ արցախյան խնդրի վերաբերյալ: Բանն այն է, որ հայաստանյան իշխանությունները դեռևս շարունակում են հանրությանը համոզել, քարոզել ու պարտադրել ադրբեջանական թեզերը, հավաստիացնել, որ խաղաղության հասնելու համար պետք է գլուխներս կախ ենթարկվենք Ադրբեջանի պահանջներին, որի էությունը մեկն է՝ առանց հայեր Ղարաբաղ:
Հիմա աշխարհի թիվ մեկ գերտերության կոնգրեսականներն ասում են, որ Վաշինգտոնը պատրաստ է միայնակ չթողնել Հայաստանին ու Արցախին, պատրաստ է ստիպել Ադրբեջանին՝ հաշվի նստել Արցախի ժողովրդի իրավունքների հետ: Հարց է ծագում՝ ո՞րն է այս դեպքում հայկական իշխանությունների դիրքորոշումը, ՀՀ կառավարությունը պատրա՞ստ է սեղմել Վաշինգտոնի ձեռքն ու օգտվել ստեղծված հնարավորությունից:
Ցավոք, կյանքը ցույց է տալիս, որ ՔՊ-ական իշխանությունն արդեն վաղուց ամեն ինչ որոշել է Արցախի ժողովրդի փոխարեն, և Ադրբեջանի կազմից դուրս որևիցե կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող՝ անկախ նույնիսկ ադրբեջանական կողմի տված երաշխիքների որակից: Միակ բանը, ինչի մասին երազում է ներկայիս իշխանությունը, Անդրկովկասում Թուրքիայի «ջրաղացին ջուր լցնելն է», իսկ դա առաջին հերթին ենթադրում է Արցախի ոչնչացում:
Ցավոք, անհնար է օգնել հայերին՝ առանց հայերի, և դա բոլորն էլ գիտակցում են: Աշխարհը մեծագույն ցանկության դեպքում անգամ ոչնչով չի կարողնալու հայերիս օժանդակել, եթե մենք ինքներս պատրաստ չենք այդ օգնությունն ընդունել ու շնորհակալ լինել դրա համար:
Հետաբար՝ պրոբլեմն այսօր ոչ թե աշխարհն է, այլ ներկայիս իշխանությունները, որոնց քաղաքականությունը շատ դժվար է՝ հայաստանակենտրոն որակել:
Այս նյութը դիտել են - 827 անգամ