Ինչո՞ւ են հիշել հովիկաբրահամյաններին2022-09-05 11:44:00
Մինչ բոլորի ուշադրությունը սևեռված է մնում Հայաստանի անվտանգային խնդիրների վրա: Զուգահեռ իշխանությունները մի պրոցես են նախաձեռնել՝ առաջ բերելով գուցե նոստալգիկ զգացմունքներ:
Նախկիններին կրկին սկսել են պատասխանատվության ենթարկել, և առաջին հերթին իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել Թոխմախի Մհերն ու Հովիկ Աբրահամյանը:
Այն, որ նախկիններին պատասխանատվության ենթարկելու թեման շարունակում է ամենապահանջվածը մնալ հասարակությունում, փաստ է: Միաժամանակ փաստ է, որ մարդկանց «աչքն այդպես էլ ջուր կտրեց»՝ տեսնելու, թե երբ է վերջապես Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչելու իր այն խոստումները, որոնց միջոցով կարողացավ իշխանություն վերցնել:
Հարց է առաջանում, թե ի՞նչը կարող էր ստիպել իշխանություններին արցախյան գեներալներին պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ բարձրացնել նաև հովիկաբրահամյանների ունեցվածքի թեման: Կամ արդյոք ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում միայն այս երկո՞ւսն են ենթարկվելու պատասխանատվության, թե՞ հատ առ հատ իրավապահները թակելու են նաև մյուսների դռները, կամ եթե թակելու են, թակելու են բացառապես թակելու համա՞ր, թե՞ իսկապես արդարադատություն իրականցնելու:
Մեծ է հավանականությունը, որ նախկինների դեմ այս գործընթացներն իրականում ձեռնարկվում են՝ ինչ-որ կերպ մեղմելու արցախյան հիմնախնդրում ու Հայաստանի շուրջ ներկայումս տեղի ունեցող ոչ բարեհույս պրոցեսների վերաբերյալ հասարակական բացասական արձագանքները, որոշակիորեն իշխանությունների ռեյտինգը բարձրացնելու համար:
Կարող է պատահել նաև այնպես, որ այս ամենը պայմնավորված է ներքաղաքական պրոցեսներով, և կատարվողը յուրատեսակ շանտաժի միջոց է՝ հառաջս աշնանային թեժ քաղաքական սեզոնի զսպելու ընդդիմադիրներին:
Մյուս կողմից՝ չի բացառվում, որ ուղղակի առաջացել է փողի պակաս ոմանց գաղտնի դրամապանակներում, և բացը լրացնելու համար ընտրվել է այս պոպուլյար մեթոդը, հետո փողը կտան, ազատ կարձակվեն՝ պահպանելով կասկածելի ծագման ունեցվածքի առյուծի բաժինը:
Բոլոր դեպքերում իշխանությունները պետք է հասկանան, որ հասարակության հետ պարտավոր են անկեղծ լինել, քանի որ կեղծավորությունը կարող է անհետևանք չմնալ՝ հատկապես նկատի ունենալով անկում ապրող ռեյտինգի գործոնը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1018 անգամ