Հասարակությունն առաջին անգամ սևերի ու սպիտակների բաժանած Հայկոյի վերադարձը. խեղկատակությո՞ւն, թե՞ հնարավորություն2022-09-06 11:32:00
Վերջին օրերի ամենաքննարկվող թեման թերևս Հայկ Մարությանի՝ «Կարգին Հայկոյի» ասպարեզ իջնելն է:
Ըստ շրջանառվող լուրերի՝ «Քաղաքապետը» ներկայացումը, որը խոստանում է սկանդալային լինել, դառնալու է յուրատեսակ դեբյուտ Մարությանի համար՝ սեփական անձը վերագտնելու ոչ միայն դերասանական արվեստի, այլև հետագայում քաղաքականության մեջ. Մարությանը պատրաստվում է մասնակցել հաջորդ տարի կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին այն էլ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ցուցակով:
Թե ինչու հենց ՀԱԿ-ի ցուցակով, կարելի է միայն անորոշ ենթադրություններ անել՝ նկատի ունենալով ՀԱԿ-ի ոչ այնքան բարձր ռեյտինգը: Այս իմաստով հետաքրքիր է, թե Մարությանին կհաջողվի՞, արդյոք, դրական ազդեցություն ունենալ ՀԱԿ-ի ռեյտինգի վրա, եթե նկատի առնենք, որ ըստ վերջին հարցումների՝ Մարությանի վարկանիշը բավական ցածր է երևանցիների շրջանում:
Մյուս կողմից՝ հարց է, թե սկզբունքորեն ի՞նչ կարող է երևանցիներին տալ հասարակությունն առաջին անգամ սևերի ու սպիտակների բաժանած նախկին իշխանավորը, որը, պայմանավորված իրեն հայտնի հանգամանքներով, այսօր փաստացի ճամբարափոխության միջոցով ուզում է վերապրել իր «փառավոր» անցյալը:
Բանն այն է, որ նույնիսկ հասկանալի չէ, թե հատկապես հասարակական որ կոնտինգենտն է ընտրելու Մարությանին. իշխանամետների համար նա «մարած աբլիգացիա» է, ընդդիմադիրների ու նրանց համակիրների համար՝ բացառապես ոչ յուրային, չեզոք տրամադրված կամ քաղաքականապես չկողմնորոշված մասսան էլ ձեռքի տակ շատ անհամոզիչ արգումանետներ ունի՝ ևս մեկ անգամ «Կարգինին» վստահության քվե տալու:
Այնպես որ՝ Հայկոյի ճանապարհը հեշտ չի լինելու, քանզի եթե բեմում նա միշտ պահանջված է (առնվազը հասարակության մի մասին մոտ)՝ ունենալով քիչ թե շատ ընկալելի հետագիծ, ապա քաղաքականության մեջ նա իրեն չարդարացրեց՝ մնալով սևի ու սպիտակի արանքում:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 967 անգամ