Սուրեն Պապիկյանը՝ նահանգապետի կաբինետում. արժե՞ ակնկալիքներ ունենալ
2022-09-08 13:48:00

Սուրեն Պապիկյանի այցը՝ ԱՄՆ, նրա հանդիպումները, մասնավորապես, Կանզասի նահանգապետի ու ամերիկյան զինվորականների հետ Հայաստանում հետաքրքիր արձագանքներ են ստացել՝ դրականից մինիչև բացասական:
Թե կոնկրետ ինչ իրական օրակարգով է Պապիկյանն ԱՄՆ-ում, դժվար է միանշանակորեն ասել՝ նկատի ունենալով այսօրինակ այցերի նրբությունն ու այն գլոբալ աշխարհաքաղաքական միջավայրը, որում այժմ գտնվում են Անդրկովկասն ու Հայաստանը:
ԱՄՆ-ն ոչ միայն չի պատրաստվում հեռանալ հարավային Կովկասից, այլև Մինսկի խմբի համանախագահությունում ԱՄՆ ներկայացուցչի փոփոխությունը փաստում է այն մասին, որ Վաշինգտոնը տրամադրված է՝ ակտիվացնելու իր ջանքերը հակամարտութան կարգավորման գործում՝ փորձելով այստեղ հաստատել ամուր, երկարատև, արդարության սկզբունքների վրա հիմնված խաղաղություն:
Պապիկյանի այցը, բնականբար, չի կարող դիտարկվել այս ամենի կոնտեքստից դուրս, ուղղակի հարցը տվյալ պարգայում այն է, թե ի՞նչ կարելի է սպասել այս այցից: Այցի իրական նախաձեռնողը հայկակա՞ն, թե՞ ամերիկյան կողմն է:
Նախ նշենք, որ Կանզաս նահանգի հետ Հայաստանի հատուկ հարաբերություններն ու ռազմական համագործակցությունը նոր չէ: Երկար տարիներ է՝ ամերիկյան այդ նահանգն ու Հայաստանը գտնվում են հատուկ հարաբերությունների ռեժիմում: Թվում է՝ «ժողովրդավար» դարձած Հայաստանը, որը գոնե առերևութաբար վայելում է արևմտյան աջակցությունը, կարող է ու պետք է ռեալ օրակարգ առաջարկի ամերիկյան կողմին՝ ելնելով նախևառաջ սեփական շահերից՝ դիվերսիֆիկացնելու արտաքին քաղաքական ճակատում առաջ եկած բացը: Օրինակ՝ նույն Ադրբեջանը, որը ռազմավարական դաշնակցության մասին Մոսկվայի հետ փետրվարին կնքեց համաձայնագիր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար ստեղծելով աննախադեպ իրավապայմանագրային ֆունդաենտ, անկաշկանդ կերպով շարունակում է ռեալիզացնել Արևմուտքի հետ իր օրակարգը՝ հարվածի տակ չդնելով ՌԴ-ի հետ հարաբերությունները:
Այս իմաստով հետաքրքիր կլինի տեսնել՝ Հայաստանի ղեկավարությունը որքանով կարող է հետևել Ադբեջանի օրինակին՝ հաղթահարելով օբյեկտիվ խոչընդոտները: Երևանը պետք է ԱՄՆ-ին կարողանա առաջարկել համագործակցության այնպիսի օրակարգ, որը մի կողմից՝ հնարավորինս չի վնասի ՌԴ-Հայաստան հարաբերությունները, որոնց վատացումը կարող է վիտալ ելք ունենալ մեր երկրի համար, մյուս կողմից՝ կօգնի Հայաստանին ադեկվատ պատասխաններ գտնել կուտակված մարտահրավերներին:
Կկարողանա՞, արդյոք, ՔՊ-ական իշխանությունը, որը գլխավորապես լուծում է աթոռը չկորցնելու խնդիր, Հայաստանն առաջնորդել կոմպլեմենտարիզմի ուղիով գոնե այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում հստակորեն չի ձևավորվել երկրորդ բևեռը:
Բոլոր դեպքերում շատ մեծ սպասելիքներ պետք չէ ակնկալել. միայն այն, որ ԱՄՆ-ի պես կարևորագույն երկրում այսօր Հայաստանը ներկայացված է անգլերենի դասատու Լիլիթ Մակունցի դեմքով, բավական է՝ կանխատեսելու Սուրեն Պապիկյանի այցի արդյունքները:
Այս նյութը դիտել են - 727 անգամ