Սուրիկ Խաչատրյանը Վահե Հակոբյանին հեռացրեց Գորիսի համալսարանից...
2016-02-20 17:23:00

Hraparak.am-ը օրերս անդրադարձել էր Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Յուրա Սաֆարյանի հեռանալուն:

Դեռ այդ ժամանակ գրել էինք, որ քննարկվում է Վահե Հակոբյանին համալսարանից հեռացնելու հարցը, նա հանդիսանում է Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահը, վերջինս ընդամենը երկու տարի առաջ էր զբաղեցրել Սուրիկ Խաչատրյանի պաշտոնը: «Այդ մասին այո խոսակցություններ կան, բայց պատկերացրեք, Վահե Հակոբյանը դոկտոր պրոֆեսոր մարդ է, նրան պետք է փոխարինեն ինչ-որ չորրորդ դասարանի կրթություն ունեցող մարդիկ: Չեմ կարող ասեմ, դժվար թե Վահեն իր ցանկությամբ ցանկանա հեռանալ, իրենից ճշտեք»,-ասել էր Յուրա Սաֆարյանը:

Ու ինչպես տեսնում եք՝ շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Մեր հրապարակումից մեկ օր անց լինում է վարչապետի համապատասխան որոշումը, ըստ որի՝ փոփոխություններ են կատարվում Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում:

Այսպիսով, Սյունիքի գործող մարզպետ Սուրիկ Խաչատրյանը բուհի խորհրդի անդամ է դարձել, իսկ, օրինակ, նախկին մարզպետ Վահե Հակոբյանը հեռացվել է նույն խորհրդի կազմից: 

Ավելին՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմում այլեւս չկան Վահե Հակոբյանի թիմակիցները, օրինակ՝ Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «Գամմա» ձեռնարկության տնօրեն Տիգրան Կարապետյանը: Փոխարենը խորհուրդը համալրել են Սյունիքի մարզպետի յուրայինները:

Այսպես, խորհրդի մյուս անդամներն են ԿԳՆ տեղակալ Մ. Մկրտչյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը, Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը, «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ս. Խաչատրյանը, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լ. Սարգսյանը եւ այլք:

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Այս նյութը դիտել են - 1265 անգամ