Ի՞նչ է անում Աննա Հակոբյանը
2022-09-08 15:18:00
 
Ինչպես հայտնի է, այս օրերին Աննա Հակոբյանը գնվում է Շվեյցարիայում, ուր ի թիվս այլ հանդիպումների հանդիպել է նաև տեղի հայ համայնքի տարբեր ներկայացուցիչների հետ: Ինքը՝ Աննա Հակոբյանը, մեկնաբանելով իր հանդիպումները, ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ մոտավորապես բացահայտելով այն բովանդակությունը, որ կրել է իր ու հայ համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների հանդիպումը: 
«…Շնորհակալություն ձեր ըմբռնման համար, շնորհակալություն Հայաստանով ապրելու համար, շնորհակալություն «Իմ քայլը» հիմնադրամի բռնած նոր ուղուն, նոր տեսլականին, նոր ծրագրերին հավանություն տալու և աջակցելու համար»,-մասնավորապես՝ գրել է Նիկոլ Փաշինյանի տիկինը:
Առհասարակ իշխանություններ-Սփյուռք հարաբերությունները հեշտերից չեն, և դա գիտի ցանկացածը՝ թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում: Միայն վերջին շրջանի համապատասխան քրոնիկոնը բավական է՝ մոտավոր պատկերացում կազմելու, թե ինչ որակի են հասել լամ իջել այդ հարաբերությունները:
Աննա Հակոբյանը հաճախ է մեկնում Եվրոպա, հանդիպում եվրոպական տարբեր երկրների հայկական համայնքների ազդեցիկ ներկայացուցիչների հետ՝ հույս արթնացնելով, որ այդ հանդիպումները նոր որակի կբարձրացնեն հայրենիք-Սփյուռք կապերը՝ ամրապնդելով թե՛ Հայաստանը, թե՛ Սփյուռքը: Բայց ամեն անգամ, ցավոք, արձանագրվում է հակասական պատկեր: Հնչող խոստումնալից հայտարարությունների ու արվող գրառումների տակ,պարզվում է, բան չկա, իսկ միակ օրակարգը, որով ժամանում է դիցուք Աննա Հակոբյանը այս կամ այն երկիր, տեղի սփյուռքահայերից փող պոկելն է: Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանի շնորհակալական խոսքերը՝ կապված «Իմ քայլը» հիմնադրամի հետ, վկայում է այն մասին,որ հիմնական թեման փողն է եղել՝ հիմնադրամի համար:
«Իմ քայլը» հիմնադրամը, իհարկե, կարևոր գործ է անում (գոնե ֆորմալ առումով), բայց ակնհայտ է, որ միայն հիմնադրամի գործերը լավացնելով չէ, որ արտասահման գնացող հայ պաշտոնյաները կամ նրանց տիկնայք պետք է զբաղվեն. հարկավոր է Սփյուռքին ներգրավել ստրատեգիական ծրագրերում, պետականաշեն պրոյեկտներում ու երաշխավորել տրամադրվող միջոցների ճիշտ ու թափանցիկ օգտագործումը: Մարդիկ պետք է տեսնեն իրենց միջոցներով արվող գործի պտուղը՝ դադարելով լինել կողքից նայողի կարգավիճակում:
Այս խնդիրը կար նախկինների օրոք, է՛լ ավելի սրությամբ արտահայտվում է նաև այսօր, և պարզ չէ, թե երբ են նոր իշխանությունները, որոնց իշխանության գալու հարցում լրջագույն ներդրում ունեցավ նաև Սփյուռքը, արդարացնելու Սփյուռքի սպասելիքները: Հենց այս անորոշությունն է, որ կրծում է Հայաստանը Սփյուռքին կապող հանգույցը:
Այս նյութը դիտել են - 1100 անգամ