ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆ, ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ. ԱՌԵՐԵՒՈՒՅԹ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ2022-09-15 04:53:00
hraparak.am. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ հայտարարեց, որ իրենք ունակ են բավարարել բանակի կարիքները: Ռազմական դրություն հայտարարված չէ, զորահավաք չի անցկացվում:
Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը հայտարարեցին, որ ընդդիմադիր երիտասարդներին զորակոչելու են եւ ուղարկեն առաջնագիծ: Այսինքն, բանակը օգնության կարիք ունի:
Այս հայտարարությունների համադրումը մեկ եզրահանգման է բերում.
Երեքն էլ՝ Սուրեն Պապիկյան, Անդրանիկ Քոչարյան, Վահագն Ալեքսանյան, առերեւույթ հանցագործություն են կատարել: Մենք գիտենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Բայց սա դիտարկում է, վարկած, որը իրավապահները պետք է ստուգեն:
Վարկած 1. Սուրեն Պապիկյանը ճիշտ է ասում, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը՝ սուտ։
Սա նշանակում է, որ իշխանական պատգամավորները կեղծ տեղեկություններ են տարածում, արատավորում են մեր փառապանծ բանակն ու պաշտպանության նախարարությանը, պետության դեմ սաբոտաժ (նենգադուլ) են անում: Նրանց կարելի է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով մեղադրանք առաջադրել:
Զորահավաք հայտարարում եւ դադարեցնում է հանրապետության նախագահը` ռազմական դրություն հայտարարելուց հետո: Պատգամավորի միակ կապը «Զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի մասին» օրենքի հետ այն է, որ նա չի զորակոչվում, ինչպես երեխա ունեցող կանայք: Բայց պատգամավորներն ասում են, որ ընդդիմադիրները գնալու են առաջնագիծ, իրենք նրանց ուղարկելու են սահման, այսինքն, հայտարարում են, որ ազդելու են հանրապետության նախագահի վրա: Սա էլ կարող է քրեական օրենսգրքով սահմանված արարք որակվել՝ օրինակ իշխանազանցություն կամ իշխանությունը չարաշահել, կամ այլ մարմնի իրավասություններին միջամտություն եւ այլն:
Վարկած 2. Սուրեն Պապիկյանը սուտ է ասում, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը՝ ճիշտ։
Սա նշանակում է, որ պաշտպանության նախարարը չի տիրապետում իրեն վստահված ոլորտին: Սա պաշտոնեական անփութություն է, անգործություն զինված ընդհարման ժամանակ: Երկուսն էլ՝ քրեական հանցագործություններ են:
Վարկած 3. Սուրեն Պապիկյանը, Անդրանիկ Քոչարյանը, Վահագն Ալեքսանյանը իրականության հետ կապ չունեցող, քաղաքական նպատակներով հայտարարություն են անում:
Սա նշանակում է, այն ինչ տեսնում ենք վերջին չորս տարում՝ սխալների, թերությունների, բացերի, մեր կործանման համար մեղավոր են բոլորը բացի ՔՊ-ականներից: Սա պատասխանատվությունից խուսափելու դրսեւորում է: Սա էլ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածի տակ ընկնող արարք է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, երեխայի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, գույքի պահպանության կամ պաշտպանության պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելը, իշխանազանցությունը կամ իշխանությունը չարաշահելը եւ այլն: Քրեական օրենսգիրքը լայն ընտրություն է առաջարկում՝ մնում է իրավապահները կողմնորոշվեն։
ՀԳ Այս ցանկին պետք է ավելացնել նաեւ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանին ու իր հարսին, որոնք ֆեյսբուքում գրառումներ են արել։ Մարզպետը Գյումրիում ակցիա անողների հասցեին գրել է․ «Մարդ հավաքի էդ խունտային մի մեքենայում ու դեպի Ջերմուկ քշի»: Սրանք փաստորեն հայրենիքին ծառայեն ու հայրենիքի սահմաննները պահելը պատժամիջոց են համարում` բերդ ուղարկելուն համարժեք բան:
Այս նյութը դիտել են - 1843 անգամ