Hraparak. Հիմա էլ շոումենը Նենսի է խաղացնում2022-09-18 20:05:00
hraparak.am
Նենսի Փելոսով ոգևորվածները և նրան քարկոծողները նույն հարթության վրա են։ Նրանք քննարկում են կոնկրետ Նենսի Փելոսին, ով իր երկրի շահերից ավելի բարձր արժեք հավանաբար չի էլ պատկերացնում։
Բարձր պաշտոնյան դիմավորման գլխապատառ ծիսակատարության մեջ անպայման րոպե գտած կլինի ու կմտածի՝ լավ, այս մարդիկ ինչու՞ են ոգևորվել ԱՄՆ-ի շահերով, նրանք պետական շահ չունե՞ն։
44- օրյա պատերազմում մի ծպտուն անգամ չհանած ԱՄՆ-ով ոգևորողները այս մասին պիտի մտածեն՝ ինչու՞ էր ԱՄՆ-ը լռում։ Իսկ հիմա ինչու՞ են« իրար խառնվել»։
Իսկ Փելոսիին քարկոծողներին ասեմ, որ ինչու՞ չէ՝ կարելի է շահերի համադրման մեթոդով մեր երկրի համար արդյունավետ քայլեր անել։
Կարելի է, բայց Նիկոլ Փաշինյանն այդ մարդը չէ։
Նա Նենսի Փելոսի կամ ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով սեփական ամբիցիաներն է ուզում կարգավորել։ Նա Նենսիի քղածածկույթով է ուզում փակել Հայաստանի սահմանները ներխուժած թշնամու, զոհերի, գերիների, անթաղ շիրիմների երրորդ հուժկու ալիքը։ Ժողովրդի ընդվզումը նրան կարող է քշել տաշեղի նման։ Նա աթոռի անվտանգության հետ կապված բոլոր հարցերը լավ հասկանում է։ Դրա համար այդպիսի բարձր քարոզչական շոու է կազմակերպել։ Հիմա էլ շոումենը Նենսի է խաղացնում։ 4 տարվա շոուներից ի՞նչ ենք շահել։ Մի բան կասե՞ք, որ Նիկոլն արել ու հաջող ավարտ է ունեցել։
Չգիտեմ ինչու եմ քաղաքական յուրաքանչյուր կոնտեքստում մեր հայկական ժողովրդական հեքիաթներից մեկը հիշում։
Նենսիի փրկչական, զատկական առաքելությունը ինձ հիշեցնում է Անխելք մարդը։ Հենց Նիկոլ Փաշինյանի մասին է գրված այս հեքիաթը։ Նենսին չլինի Աստված լինի, Նիկոլը ոչ թե մեր երկրի շահերով է առաջնորդվելու, այլ իր աթոռի։ Ամեն ինչ քանդող, ավերող մարդը չի կարող հարաբերություն կառուցել։ Ուզում եմ այդ հեքիաթից մի պարբերություն հիշեցնել, դուք կամբողջացնեք և ողջ հայկական ներկապնակը կպատկերացնեք․ «Հուսահատված մի օր նա վեր կացավ, թե՝ պետք է գնամ գտնեմ Աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ»։ Հեքիաթը անմեղ հայ մարդու մասին է։ Բայց Նիկոլ Փաշինյանը հեքիաթից տարբերվում է նրանով, որ ծնված օրվանից է «մեղքապատված»։ Ցանկացած նենսիի մեջ աթոռը պահելու, նրանից օգուտ քաղելու, իր մեղքերը մաքրելու մարմաջով է առաջնորդվելու։ Հայաստան էլի կգան նենսիներ, բայց դրանք պարզապես ծանր քողածածկույթ են Նիկոլ Փաշինյանի համար։ Այս պահին նրան անհրաժեշտ է, որ իր կողմից կործանման հասցրած ժողովուրդը «փրկչի», գալստյամբ զբաղվի՝ մոռանալով, որ թշնամին արդեն կիլոմետրերով մխրճվել մեր սուվերեն տարածք ու մեր անթաղ շիրիմների ողբը երկինք է հասել։
Հասմիկ Բաբաջանյան
Այս նյութը դիտել են - 875 անգամ