Ալեն Սիմոնյանը խայտառակեց Հայաստանը
2022-09-19 07:28:00

 

 
Ավարտվեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան, որը բազմաթիվ ակնկալիքներ էր առաջ բերել ոչ միայն քաղաքական, այլև հասարակական շրջանակների մոտ Հայաստանում: Չնայած այցի օրակարգը մեծ հաշվով գաղտնի էր պահվել ու չէր հանրայնացվել, սակայն որոշ ակնարկներ այն մասին, թե հատկապես որ թեմայի վրա են կենտրոնանալու հայկական ու ամերիկյան կողմերն իրենց երևանյան բանակցություններում, այնուամենայնիվ, արվել էին. հիմնական թեման լինելու էր անվտանգությանն առնչվող հարցը՝ բխող հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված գերլարված իրավիճակից:
Կարելի՞ է, արդյոք, հիմա, երբ այլևս ավարտվել է Փելոսիի այցը Հայաստան, համարել այն հաջողված: Անկասկած, ամերիկյան կողմն անկեղծ է իր հայտարարություններում ու ցանկություններում, և դրանում չի կարող լինել ոչ մի կասկած, սակայն որպեսզի ինչ-որ բան ստացվեր, գործը հասներ իր նպատակակետին, հարկավոր էր, որպեսզի հայկական կողմը ևս պատշաճ կերպով պատրաստ լիներ այդ այցին:
Այն, ինչ տեղի ունեցավ Փելոսիի ու Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ շենքում կազմակերպված ասուլիսի ժամանակ, այն՝ գրեթե դիվանագիտական սկանդալի աստիճանի հասած խառնաշփոթն ու քաոսը, ճշգրտությամբ բնութագրում է այն խայտառակ վիճակը, որ տիրում է Հայասանում արդեն բավական տևական ժամանակ. նման կերպ տապալել ամերիկացի բարձրաստիճան, ազդեցիկ պետական գործչի ասուլիսը, միայն «հանճարը» կարող էր անել ու այդ «հանճարը», փաստորեն գտնվեց, և դա Ալեն Սիմոնյանն էր, ում հրավերով, ի դեպ, Փելոսին ժամանալ էր Հայաստան:
Մի կառավարություն, որը չի կարողանում անգամ մի ասուլիս նորմալ կազմակերպել, մի կարգին թարգմանիչ բերել, խոսափողի հարց կամ լսողական սարքի հարց լուծել, ինչպե՞ս կարող է ընդունակ լինել՝ պատշաճորեն օգտվելու այն հնարավորություններից, որ ընձեռեց ամերիկյան կողմը Նենսի Փելոսիի այցի շնորհիվ հայկական դիվանագիտությանը: Ասես հատուկ էին արել, արել էին այնպես, որ այցը տապալվեր ու ուրախություն պատճառեր թշնամիներին:
Իհարկե, հեռու ենք մտքից, որ այդ ամենը կարող էր և դիտավորություն լինել, սակայն ոչ դիտավորությամբ գործված հանցագործությունը նույնպես նույն ՔՕ-ում պատժելի է համարվում, ուստի ոչ մի արդարացում Ալեն Սիմոնյանի կամ ԱԺ աշխատակազմի ղեկավարի համար չի կարող գտնվել: Իշխանությունները պարտավոր էին նախապես հաշվարկել ամեն մի մանրուք՝ պետությունը նման կերպ չխայտառակելու համար:
Եվ ո՞վ է այսքանից հետո Հայաստանին լուրջ ընդունելու, ո՞վ է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գործընկեր համարելու, իսկ ամենագլխավորը՝ ո՞վ է սրա համար պատասխանատվություն կրելու ու պատժվելու:
Նորմալ երկրում այս խայտառակությունն անպատիժ չէր մնա:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 2393 անգամ