ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար2022-09-19 08:26:00
armdaily.am. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը բրիտանական մամուլում քննադատության է արժանացել Եղիսաբեթ 2-րդ թագուհու հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, նա նկարվել և զրուցել է օգնականների հետ, երբ այցելել է Վեսթմինսթերյան սրահ, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը: Ականատեսները պնդել են՝ Հայաստանի ղեկավարը Վեսթմիսթերյան սրահում բարձրաձայն ծիծաղել է և կատակել:
Ինչպես նշվում է աղբյուրում, Վահագն Խաչատուրյանի գործողությունները հակասում են պալատի խիստ կանոններին, ըստ որոնց՝ արգելվում է լուսանկարել կամ տեսանկարահանել սրահը, որտեղ դրված է եղել թագուհու աճյունը և հարկավոր է հարգալից վարք դրսևորել:
ArmDaily-ի հետ զրույցում Վրաստանում ՀՀ նախկին դեսպան Հովհաննես Մանուկյանը նշեց, որ ընդհանրապես պետության ղեկավարների՝ նախագահների, վարչապետերի ցանկացած քայլը, շարժուձևը և պահվածքը արարողակարգի հարց է։
«Հանրային դրսևորման մեջ չկա մի բան, որն արարողակարգի ենթակա չլինի։ Իհարկե, արձագանքները և՛ երկրի համար, և՛ յուրաքանչյուրիս համար շատ տհաճ են, բայց ես հատկապես կկարևորեի վերջին շրջանում արարողակարգային ծառայության գործունեության որակական փոփոխության անհրաժեշտությունը, որովհետև անկախ դիվանագետի կամ բարձրաստիճան պաշտոնյայի ով լինելուց, նրա վարքագծային առանձնահատկություններից, արարողակարգային ծառայությունն է պատասխանատու գրագետ և ճիշտ վարվելակերպի համար։ Եթե ինչ-որ բան կա, որ այնուամենայնիվ համապատասխան պաշտոնյան տեղյակ չէ, կամ ինֆորմացված չէ, ապա արարողակարգի ծառայությունը պետք է այդ բացը լրացնի և ուղղորդի այնպես, որ խախտումներ տեղի չունենան»,- ասաց Հովհաննես Մանուկյանը։
Նախկին դեսպանը նշեց, որ այստեղ և՛ արարողակարգային խնդիրներ է տեսնում, և՛ դիվանագիտական ներկայացուցչության ու ղեկավարի խնդիրները։
«Ինչպես տեսանք ֆոտո և տեսաարձանագրումներում, դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը ներկա էր նախագահի հետ արարողությանը, և ինքն էր մասնակցում այդ պրոցեսներին։ Կարծում եմ՝ արտգործնախարարությունը և արարողակարգի ծառայությունն այստեղ լուրջ գործ ունեն անելու»,- ասաց Մանուկյանը։
Հարցին՝ արարողակարգային ծառայությունը երբվանի՞ց է սկսեց «կաղել», քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ թե՛ մեր, թե՛ դրսից եկած պաշտոնյաները արարողակարգային բացթողումների պատճառով ոչ պատշաճ են հանդես գալիս, Մանուկյանն արձագանքեց. «Երբվանից՝ չեմ կարող ասել, բայց, որ պրոբլեմ կա՝ դա անառարկելի է»։
Այս նյութը դիտել են - 1341 անգամ