Արդեն մի քանի օր շարունակ լրատվամիջոցները պարբերաբար հաղորդումներ են տարածում այն մասին, որ այս կամ այն ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դեսպանների ու դիվանագետների հետ: Տեսակցություններն այնքան հաճախակի են դարձել, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե օտար երկրի դեսպանատունը միասնական ճակատի շտաբն է և այնտեղ են նախագծվում հետագա անելիքների ծրագրերը:
Ընդ որում, ընդդիմությունը ոչ միայն չի թաքցնում այդ ջերմացումը, այլև հարկ է համարում նախօրոք տեղեկացնել դրանց մասին: Այսպես, Ազատության հրապարակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Հմայակ Հովհաննիսյանն ու Գարեգին Չուգասզյանը հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպումներ ունենալ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ։ Նույն օրը, Հովհաննիսյանը, Չուգասզյանը և իհարրկե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի ու Գերմանիայի դեսպան Բերնարդ Մաթիաս Կիեսլերի հետ։
Ու հիմա մնում է հասկանալ գլխավորը՝ ինչու՞ են նրան այցելում բոլորին անխտիր: Ի՞նչ կարող է տալ օտար դիվանագետը արմատական ընդդիմությանը, որի միակ ու գլխավոր նպատակը իշխանափոխությունն է: Փո՞ղ: Գունավոր հեղափոխության ծրագի՞ր: Անկայունության դեղատո՞մս:
Այս մասին, նրանք, ինչ խոսք, լռում են: Փոխարենը հրամցնում են մեկ այլ հիմնավորում: «Երկրի ինքնիշխանության բաղկացուցիչներից մեկն էլ արտաքին հարաբերություններ վարելու կարողությունն է։ Քանի որ մեր աչքի առաջ Հայաստանը քայլ առ քայլ կորցնում է իր ինքնիշխանությունը, այդ թվում՝ նաև արտաքին հարաբերություններ վարելու ասպարեզում, այն կրավորական տեսք ունի, ընդդիմադիր ուժը, տվյալ դեպքում՝ «Նոր Հայաստանը», պետք է ներկայացնի Հայաստանի քաղաքական իրավիճակը և տեղեկանա դիվանագիտական ներկայացուցիչների տեսակետներին այս կամ այն փաստի վերաբերյալ»,- ասում են նրանք:
Եթե ճիշտ հասկացանք, մեր ընդդիմությունը հիմա էլ ստանձնել է ԱԳ նախարարևության գործառույթները, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ հավանաբար խիստ է կարոտել իր նախարար եղած տարիները ու հիմա ուզում է Էդվարդ Նալբանդյանի հացը կտրել՝ դժվար կացության մատնելով օտարներին, քանի որ դրսից եկած դիվանագետներն էլ պիտի վերջնական ընտրություն կատարեն. կամ սրանց հետ են, կամ այն պետության իշխանավորների, որտեղ հավատարմագրվել են: