Թշնամին հարձակվեց Երևանի վրա
2022-09-21 01:53:00

Edgar Ghazaryan

Սահմանին բոլոր կողմերի հսկայական ուժեր կուտակած թշնամին ակնհայտ մտադրություն ունի վերստին սանձազերծել մեծ պատերազմ և ներխուժել Հայաստանի տարածք՝ գրավել այլևս ոչ միայն ռազմավարական նշանակության բարձունքներ, որոնց տիրացել է նախորդ պատերազմների ժամանակ, այլև՝ բնակավայրեր և ենթակառուցվածքներ, ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, Արարատի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի մի մասը։
Մեծ էր հավանականությունը, որ լայնամասշտաբ պատերազմը կարող էր սկսել սեպտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը՝ Անկախության օրվա խորհրդով։ Այդ ծրագրերը ժամանակավորապես խափանվել են, հավանաբար, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի գլխավորած պատվիրակության Հայաստան այցելության հանգամանքով, ինչն ավարտվում է սեպտեմբերի 25-ին (2020 թվականի պատերազմն Ադրբեջանը սկսել է սեպտեմբերի 27-ի առավոտյան)։
Այս իրավիճակում, թշնամական ուժերը, փոխել են իրենց ծրագրերը և 2022 թվականի սեպտեմբերի 21-ի առավոտյան հարձակում են գործել Երևանի վրա։
Թշնամական հատուկ ջոկատային ստորաբաժանումները, կազմակերպված ձևով, Եռաբլուր զինվորական պանթեոնում հարձակում են գործել զոհված զինծառայողների ծնողների և հարազատների վրա։ Թշնամու կողմից այս գործողության իրականացումն ունի առավելապես խորհրդանշական նշանակություն՝ պղծելով փառքի դամբարանը, կոտրելով Զինված ուժերի մարտունակությունն ու պայքարի ոգին, ճանապարհ հարթելով թշնամական իշխանությունների ներկայացուցիչների անարգել մուտքը Եռաբլուր պանթեոն։
«Եռաբլուր» զինվորական պանթեոն-հուշահամալիրը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության հոգածության ներքո։ Եռաբլուրի վրա այսօրվա հարձակումից հետո, ՀՀ Զինված ուժերը պարտավոր են ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ կապույտ և սև համազգեստով, կարմիր և սև գլխարկներով ավազակախմբի բոլոր անդամներին հայտնաբերելու և դրանց չեզոքացնելու ուղղությամբ։
Հ․Գ․ Եռաբլուրում ամեն օր իրականացվում են բազմաթիվ զինծառայողների հուղարկավորության արարողություններ։ Այս պահին փորվում են տասնյակ նոր գերեզմաններ։ Սգակիր մարդիկ լռելայն հողին են հանձնում իրենց զավակներին ու հարազատներին, այլ ոչ նրանց մահվան պատճառը հանդիսացող մարդասպան դահիճներին։

 

 
Այս նյութը դիտել են - 798 անգամ