Ի՞նչ բարոյական իրավունքով2022-09-29 11:33:00
Նիկոլ Փաշինյանը շարունակում է հիասթափեցնել հայաստանյան իրականությունից իր կտրվածությամբ ու դրա հետևանք դարձած խիստ վերամբարձ հայտարություններով:
Հակառակ այն բանի, որ ՀՀ կառավարությունը նվազագույն ամսական աշխատավարձ 68 հազար դրամը դարձրել է 75 հազար դրամ՝ պարտադրելով գործատուներին հունվարի 1-ից այլևս դրանից պակաս աշխատավարձ չվճարել աշխատողներին,նույն օրը վարչապետը Կառավարության նիստում ունեցած իր ելույթում ծաղրել է բոլոր այն ուսյալներին ու ոչ միայն, որոնք աշխատում են 75 հազար դրամով:
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ աղքատությունը բացառապես մարդկանց ուղեղների մեջ տեսնող Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս նմանորակ դատապարտողական հայտարարություններով՝ տպավորություն ստեղծելով, թե ոչ թե աղքատ Հայաստանի, այլ ասենք Մոնակոյի տիրակալն է:
Հարց ՝ եթե 75 հազար դրամ աշխատավարձը Նիկոլ Փաշինյանը համարում է ամոթալի, ապա ինչո՞ւ է նրա կառավարությունը հենց այդքան սահմանում մինիմալ աշխատավարձը Հայաստանում, այլ ոչ թե ասենք դրա կրկնակին:
Ընդ որում՝ պետք է նկատի ունենալ, որ ցածր աշխատավարձ Հայաստանում ստանում են հիմնականում մտավոր բնույթի աշխատանք կատարողները՝ ուսուցիչներն ու դասախոսները, գիտնականները և այլն, իսկ ասենք «Yandex»-ի տաքսիստները՝ դրանից մի քանի անգամ ավելի: Ամոթանք պետք է տալ ոչ թե նրան, ով, ունենալով կրթություն, ստիպված է աշխատել գրոշներով, այլ այն կառավարութանը, որի երկրում նման տեսարանը միանգամայն օրինաչափ է, շատ հաճախ հանդիպող:
Եթե իշխանությունները չեն կարողանում երկրում հաղթահարել աղքատությունը, չեն կարողանում ստեղծել այնպիսի աշխատաշուկա, որտեղ քաղաքացիները կկարողանան լիարժեքորեն ինքնադրսևորվել ու կառուցել սեփական բարեկեցությունը, ապա առնվազը հիմարություն ու անբարոյականույթուն է սեփական ձախողումներում մարդկանց մեղադրելը:
Երևի շատ ուսուցիչներ, մանկավարժներ այս օրերին հենց Նիկոլ Փաշինյանին են լսում ու վերակողմնորոշվում՝ թողնելով մանկավարժի աշխատանքն ու դառնալով պարեկ՝ նկատի ունենալով վերջին շրջանի տենդենցները: Արդյունքում կործանվում է գիտակրթական ոլորտը, արտագաղթում են ուղեղները, իսկ պարեկներն ու տաքսիստները՝ երկրաչափական պրոգրեսիայով ավելանում:
Շոֆերների ու պագոնավորների երկիր է դարձել Հայաստանը և ոչ ավելին:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1487 անգամ