Գրիգոր Մինասյանի ստորությունը
2022-10-03 10:49:00
 

Հայ զինվորների նկատմամբ ազերի ասկյարների դաժանությունները պատկերող տեսանյութերն ու լուսանկարները, ինչպես և ակնկալվում էր, ահավոր մեծ արձագանք են ստացել Հայաստանում: Զուգահեռաբար իշխանություններն են փորձեր ձեռնարկում՝ հասնելու նրան, որ ազերիներին դատապարտող հստակ գնահատկաններով հանդես գա նաև աշխարհը:
Թե որքանով կհաջողվի կամ չի հաջողվի հասնել դրված նպատակին, իհարկե, ժամանակը ցույց կտա, բայց կարևորը թերևս ոչ թե այն է, թե ինչպես կարձագանքեն դրսից, այլ՝ այն, թե ինչ հետևություններ կարվեն ներսում:
Այս իմաստով կարծես թե իրավիճակը հուսադրող չէ:
 
Մասնավորապես՝ եղբոր հետ թշնամական հարաբերությունների մեջ գտնվող ու ժամանակին նույնիսկ սեփական ազգանվան փոփոխության տարբերակը դիտարկած ներկայիս արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը՝ Միքայել Մինասյանի եղբայրը, արձագանքելով հայ ռազմագերիների նկատմամբ թուրքերի դրսևորած դաժանություններին, հայտարարել է. «Հայ ռազմագերիների գնդակահարությունն է՛լ ավելի է ցույց տալիս, որ մեզ խաղաղություն է պետք»:
Սա, իհարկե, միայն Գրիգոր Մինասյանի տեսակետը չէ:
Եթե այս տեսակետը գերիշխող չլիներ ՔՊ-ական վերնախավում, ապա դժվար թե Նիկոլ Փաշինյանի ծառա դարձած Գրիգոր Մինասյանը հանդես գար նման խայտառակ հայտարարությամբ:
Իրականությունն այն է, որ Ալիևի ասկյարները գազանություններ են անում ոչ միայն այն պատճառով, որ հեռու են քաղաքակիրթ ազգի ներկայացուցիչ լինելուց, այլև այն պատճառով, որ նրանց դիմաց կանգնած է պարտվողական կեցվածք ունեցող Հայաստանի զինվորը՝ զինվոր, որի անձնական քաջությունը տվյալ պարագայում զրոյանում է, դառնում անիմաստ:
Գրիգորմինասյանների երկիր Հայաստանի ղեկավարությունն այսօր պատրաստ է ասենք Չարբախն ու Կոնդն էլ տալ Իլհամին, միայն թե սեփական ձեռքում պահի պետական լծակները:
Եթե թուրքերը զգային, որ Հայաստանը մի երկիր է, որն իր զինվորների նկատմամբ դրսևորած վարքագիծն անպատիժ չի թողնում, նման ստորություն չէին անի՝ կվախենային հետևանքներից: Բայց քանի որ ՔՊ քաղաքական թիմի ներկայացուցիչները նախընտրում են ինքնաստորացմամբ Ալիևին հաճոյանալը, սեփական բանակի պատիվը գետնով տալը, խաղաղություն մուրալը, ուրեմն՝ ադրբեջանական արձագանքն էլ այդ ամենին ադեկվատ կլինի:
Այս նյութը դիտել են - 1921 անգամ