Ստորագրելը` ստորագրելու է, մի հարց կա միայն` զոհերո՞վ, թե՞ առանց զոհերի:
Այս չարագուշակ արտահայտությունը մտքիցս դուրս չի գալիս: Սկսում եմ հասկանալ նրանց, ովքեր պնդում են, թե «սահմանային բախումներ» կոչվածը «պայմանավորված»` երկու երկրների ղեկավարների աղետաբեր ծրագրի շրջանակներում իրականացվող իրադարձություններ են: Իհարկե, դժվար է հավատալ, որ երկրի ղեկին կարող են նման հրեշներ կանգնած լինել, որոնց համար մարդկային կյանքը ոչինչ չարժե, եւ այս զոհերը կանխավ որոշված պայմանավորվածությունները հասարակության համար ընդունելի դարձնելու համար են միայն:Այս նյութը դիտել են - 2095 անգամ
Մյուս կողմից` պատերազմն ու զոհերը կանխելուն ուղղված պարտվողականությունն ու պատասխանատվությունը «կիսելուն» ուղղված ջանքերն էլ են հասկանալի: Ոչ մի կտոր հող ու ոչ մի միջանցք չի կարող մի երիտասարդի կյանքի հետ նույն նժարի վրա դրվել, եւ անգամ եթե պատերազմի ու պայքարի կոչեր ենք անում, յուրաքանչյուրն իրավասու է միայն իր կյանքը դնել այդ զոհասեղանին, այլ ոչ թե 19-20 տարեկաններին մատաղ անել: Այդ առումով միանգամայն հասկանալի եւ բարոյական է ՀՀ առաջին նախագահի դիրքորոշումը` եկեք պատասխանատվությունը կիսենք «ազգակործան չարիքի» հետ, որ նա նոր կործանման եւ նոր զոհերի չտանի մեզ, որ իր տալիքը տա առանց զոհերի: Ողջ հասարակության տեսանկյունից է սա անընդունելի: Հասարակությունը չի կարող պայքարելու, դիմադրելու փոխարեն հանձնվել եւ հանձնել հայրենիքը:
Հասարակությունը չի կարող ելքեր փնտրելու եւ այս իրավիճակի մեղավորներին բացահայտելու փոխարեն մահվան ու պարտության քարոզ անել` իր երկրի կառավարման ղեկը թողնելով մահ եւ պարտություն բերող իշխանությունների ձեռքում: Հասարակությունը չի կարող մորթվող ոչխարի նման գնալ սպանդանոց՝ սպանդանոցը խորտակելու փոխարեն:
Արմինե Օհանյան