Ուսուցչի չարժևորված դերը. դատարկ խոսքերի հետևանքը
2022-10-05 14:50:00
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առիթով՝ իր ուղերձում անելով այնպիսի շեշտադրումներ, որոնք ամբողջությամբ հակասում են հայաստանյան այսօրվա ռեալներին՝ ուղերձի ասելիքն էապես արժեզրկելով:
Բոլորին սիրող, բոլորով հպարտացող ու բոլորի առաջ խոնարհվող վարչապետը հայտարարել է, որ նպատակ ունեն՝ ուսուցչի աշխատավարձը հասնցելու նախարարական աշխատավարձի մակարդակին, բայց ուսուցիչն է որոշելու, թե որքան պետք է վճարվի ինքը: Բարձր վճարվելու համար պետք է ունենալ բարձր որակավորում՝ անցնելով այն ընթացակարգերով, որոնք նոր իշխանությունները սահմանել են վերջերս:
Անկասկած, տոնն այս իսկապես նվիրական է ու մեծ խորհուրդ ունեցող: Խնդիրը, սակայն, այն է, որ նոր ռեալներով պայմանավորված՝ այսօր Հայաստանում շատ քչերն են պարծենում ուսուցիչ լինելով: Աշխատանքն այն աստիճան ոչ գրավիչ է դարձել, որ, ասենք, տխրահռչակ պարեկային ծառայության անցածների մի զգալի հատվածն այսօր նաև նախկին ուսուցիչներն են կազմում: Շատերը դուրս են գալիս աշխատանքից, բանվորություն անում, բայց հրաժարվում են աշխատել իրենց մասնագիտությամբ՝ ելնելով ցածր աշխատավարձերից:
Նոր համակարգը, որին հղում է արել Նիկոլ Փաշինյանը, խիստ կասկածելի արդյունավետություն ու իմաստ է խոստանում բոլորի համար, քանի որ դրա օգնությամբ բարձր աշխատավարձի հույս են ստանում բացառապես ուսուցիչների մի քանի տոկոսը միայն, իսկ մնացյալ հատվածին առաջարկվում են այն նույն գրոշները, ինչ նախկինում:
Մեկ այլ հանգամանք էլ կա, անշուշ՛տ, որի մասին չի կարելի չխոսել՝ ուսուցչի աշխատանքի պատվաբերության կամ նրա սոցիալական դերի կարևության խնդիրը:
Ուսուցիչը գնահատված է այն երկրներում, որոնք ունեն գիտելիքահեն հասարակություն ու տնտեսություն, պետություն, ինչպես ասենք Ճապոնիայում: Եթե մի երկրում, ինչպես Հայաստանում, շատ դեպքերում պաշտոնների են նշանակվում ծույլերն ու միջակ մտավոր ունակությունների տեր անձինք՝ պայմանավորված քաղաքական հանգամանքներով, ապա այդ դեպքում անիմաստ բաժակաճառեր են հիշեցնում նման շնորհավորական ուղերձները, անիմաստ են դառնում դրանցում տեղ գտած մտքերը:
Նախ՝ պետք է ապացուցել մտավոր աշխատանքի արժեքայնությունն ու գնահատվածությունը ու հետո միայն հուսալ, որ հասարակությունում կարող է գնահատվել ուսուցչի, մանկավարժի աշխատանքը: Այս իմաստով հետհեղափոխական Հայաստանում ոչ միայն առաջընթաց չկա, այլև, ինչպես նշվեց, միայն բացասական փորձի կուտակում կա, որի հետևանով քայքայվում է կրթական համակարգը, հանրակրթական ողջ ինստիտուտը՝ դառնում բուտաֆորիա: Հետո էլ ոմանք զարմանում են՝ ինչպես կարելի է 75000 դրամով աշխատել ու այդ փոքր գումարի մեջ գտնել սեփական մխիթարությունը:
Է՛, եթե լավ գործերի ու պաշտոնների են նշանակվում «դոդիկները», խելացիներին ի՞նչ է մնում անել:
Իրականությունն այն է, որ մեզ այդպես էլ չի հաջողվում գեղեցիկ ու հնչեղ տեքստերից անդին անցնել ու գործնական հարթությունում ապացուցել դրանց արժեքն ու նշանակությունը ոչ միայն այս հարցում, այլև մնացած բոլոր հարցերում:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1087 անգամ