Ո՞վ է փակում Սփյուռքի շնչառությունը...2022-10-12 22:25:00
Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել էր Ամերիկայի Հայկական Համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահներին: Կարևորելով Կառավարության և Սփյուռքի հայկական կազմակերպությունների միջև շարունակական երկխոսությունն ու համահայկական օրակարգի շուրջ համախմբումը՝ վարչապետը բարձր էր գնահատել Ամերիկայի Հայկական Համագումարի գործունեությունն ու ծրագրերը: Քննարկման առարկա էին դարձել ինչպես ներկայումս ստեղծված միջազգային իրավիճակն ու տարածաշրջանի անվանգությանն առնչվող հացեր, այնպես էլ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Իհարկե, առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը կամ նրա իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները հանդիպում են սփյուռքյան կազմակերպությունների հետ՝ տարածելով դրանց մասին հերթապահ հայտարարություններ կամ հաղորդագրություններ:
Ինչո՞ւ հերթապահ, որովհետև չնայած դժվար է հիշել վերջին 4 տարվա ընթացքում այնպիսի մի հաղորագրություն կամ հայտարարություն, որը կասկածի տակ կդներ ՀՀ իշխանությունների ցանկությունը՝ խորացնելու Սփուռքի ու դրան սպասարկող կառույցների հետ հարաբերությունները, սակայն կյանքն ու իրողություններն այսօր ցույց են տալիս, որ իշխանությունները, մեղմ ասած, անկեղծ չեն իրենց ձգտումներում: Այն օրակարգերը, որոնք տասնամյակներ ի վեր ծառայել են Սփյուռքի համար որպես յուրատեսակ սոսինձ, առանցք ու պայքարի նպատակ, այսօր դուրս են դրվել հայկական պետության օրակարգից, ավելին՝ Կառավարությունն անում է ամեն բան, որպեսզի դրանք դուրս գան նաև հենց Սփյուռքի կառուցների ու կազակերպությունների օրակարգերից՝ ասենք Թուրքիային հնարավորինս շատ հաճոյանալու համար: Մասնավորապես՝ 4 տարի է՝ «Ցեղասպանություն» տերմինը հայաստանյան չինովնիկների շուրթերից հնչում է խիստ հազվադեպ, իսկ պայքարի կամ պահանջատիրության մասին ընդհանրապես չի կարող խոսք լինել: Մինչդեռ, ինչպես հայտնի է, Սփյուռքի համար Հայաստանի պետության արժեքն առավելապես կայանում է նաև նրանում, որ այն օգնում է Ցեղասպանության զոհերի ժառանգներին՝ առավել մեծ արդյունավետությամբ լուծելու արդարության հասնելու ճանապարհին հանդիպող խնդիրները:
Թուրքիայի արտգործ նախարար Չավուշօղլուն, օրինակ, կոչ անելով Եվրոպայում ապրող թուրքերին համախմբվել ընդդեմ հայկական սփյուռքի, որպես հաջողված պայքարի օրինակ մատնացույց էր արել ԱՄՆ-ում թուրքական համայնքի ու կազմակերպությունների ծավալած հակահայ պայքարն ու համոզմունք հայտնել, որ Եվրոպայում նույնպես թուրքերը կկարողանան չեզոքացնել հայկական սփյուռքի գոծոնը:
Հարց է առաջանում՝ եթե Հայաստանում 2018-ի հայտնի իրադարձությունները չլինեին, Չավուշօղլուն այսքան ճոռոմախոս կլինե՞ր:
Սփյուռքը, որ երկրում էլ այն լինի, փաստացի անտերության է մատնվել, այն մեխանիզմները, որոնց օգնությամբ երկար տարիներ կոմունիկացվում ու արդյունավետ համագործակցում էին կողմերը, կա՛մ ոչնչացվել են, կա՛մ ուղղակի դիտմամբ գործի չեն դրվում:
Նման քաղաքականության շարունակականության դեպքում Հայաստանն անխուսափելիորեն զրկվելու է իր կարևորագույն ռեսուրսից՝ Սփյուռքից, ինչը հղի է ոչ միայն ազգի մի հատվածի կորստի վտանգով, այլև իր մեջ պարունակում է լրջագույն անվտանգային խնդիրներ, և որքան էլ հնչեն քաղցր-մեղցր խոսքեր, դրանից ոչ մի սփյուռքահայի բերան չի քաղցրանալու. իրականությունը շատ դառն է՝ ՔՊ-ականների լեղիներից էլ ավել:
Այս նյութը դիտել են - 1906 անգամ