Զարեհ Սինանյանի նոր ֆարսը. խնդիր է դրել՝ քաղաքականապես լռեցնելու դրսի հայերի բացասական արձագանքները
2022-10-20 12:00:00
 Ինչպես հայտնի է, «Համաշխարհային հայկական գագաթնաժողով» անվամբ մի նոր պրոյեկտ են պատրաստվում կյանքի կոչել հայրենի իշխանությունները, որն անցկացվելու է այս ամսվա վերջերին: Ասում են՝ գաղափարի հեղինակն անձամբ Զարեհ Սինանյանն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմից ստացել է հստակ հանձնարարություն՝ «այլընտրանքային» սփյուռք ստեղծելու «նոր Հայաստանի» տիրոջ ամբիցիաների բավարարման շրջանակներում, չեզոքացնելու ավանդական սփյուռքյան կառույցների ազդեցությունն ու աշխատանքի արդյունավետությունը արտասահմանում ու Հայաստանում:
Կաթողիկոսների ու սփյուռքյան հզոր կառույցների կողմից մերժելի դարձած այս ձեռնարկն ակնհատորեն կյանքի է կոչվում ոչ թե այն պատճառով, որ Զարեհ Սինանյանը հույս ունի՝ մոբիլիզացնելու իշխանական ռեսուրսը Սփյուռքում, քանի որ այդպիսի ռեսուրս իշխանությունները չունեն դրսում, այլ այն պատճառով, որ խնդիր է դրված՝ Սփյուռքը պառակտելու: Տեսնելով, որ ակնհայտորեն թրքանպաստ օրակարգի սպասարկման հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում վաստակել Սփյուռքի աջակցությունը՝ Սինանյանը խնդիր է դրել՝ քաղաքականապես լռեցնելու դրսի հայերի բացասական արձագանքները, իսկ սեփական անկարողությունը՝ կոնստրուկտիվ դիալոգի մեջ մտնելու Սփյուռքի հետ, պատճառաբանելու նույն սփյուռքահայերի չկամությամբ:
Այնպես որ՝ այս նոու-հաուի հետ, ինչպես և մնացյալ այլ իշխանական ձեռնարկների հետ առանձնակի հույսեր կապել պետք չէ: Չունենալով իրական սոցիալական հենարան ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Սփյուռքում՝ ՔՊ-ական իշխանություններին մնացել է մեկ բան՝ բոլոր հնարավոր մեթոդներով ու միջոցներով մաշել ընդդիմախոսների պոտենցիալը, լռեցնել նրանց: Բայց ամենացավալին այն է, որ իրենց այս քաղաքական նպատակներում իշխանությունները չեն խորշում նույնիսկ թուրքերի հետ համագործակցելուց՝ դեմ չլինելով թշնամու քայքայիչ ուժն ուղղելու ողջ հայության ու հայկական օրակարգի դեմ:
Կասկած լինել չի կարող, որ «Համաշխարհային հայկական գագաթնաժողովի» անցկացման խորքային գաղափարախոսներն ու պատվիրատուն թուրքական պետությունն է, որ իր առաջ խնդիր է դրել՝ աշխարհի առաջ լեգիտիմացնելու Հայաստանի ու հայերի մարգինալացումը, լեգիտիմացնելու «հայ- թուրքական հարաբերւթյունների կարգավորում» կոչվող ֆարսը, որի վերջնանպատակը հայոց պահանջատիրության վերացումն է, Սփյուռքի քայքայումն ու Հայաստանի վիլայեթացումը՝ ըստ նախապես մշակված սցենարի:
Այս նյութը դիտել են - 2139 անգամ