«Առավոտ» օրաթերթը գրում է․ «Բնականաբար, ես գտնվում եմ Հայաստանից դուրս: Մամուլում տարածված լուրերը հիմնականում հաստատում եմ, այդ թվում՝ քրեական գործերի մասով: Այսօր հայտնում եմ ընդամենը հետեւյալը՝ պլանավորվում են որոշակի գործողություններ, այնպիսի փոփոխություններ, որոնք պիտի շատ բանի սկիզբ դնեն»,- քիչ առաջ YouTube-ի իր էջով ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը:
Մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ նրա նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել: Գործը գտնվում է Հակակոռուպցիոն կոմիտեում եւ վերաբերում է 2019-ին առանձնապես խոշոր չափի եկամուտ չհայտարարագրելուն։ Ուրիխանյանը հրավիրվել է հարցաքննության, բայց չի գնացել, հրաժարվել է, որոշել է լքել Հայաստանը: Նա տեղեկացրել էր, որ այսօր հայտարարությամբ հանդես կգա ուղիղ եթերում:
Ըստ այդմ՝ եթերում հայտարարեց, որ ճակատագրական որեւէ բան երկրի հետ կապված այսօր չի լինելու, որովհետեւ, եթե մարդիկ սպասում են, որ իրենց փոխարեն այդ «ճակատագրական բանը» պետք է անի Ուրիխանյանը, դա չի լինի. «Լինելու է լրիվ ուրիշ բան՝ այն, ինչ ոչ ոք չի արել, չի անում ու սարսափում է այդ մտքից, որ հանկարծ կարող է նման ճանապարհով գնան: Դա հետեւյալն է՝ բացարձակ բացահայտում:
Մինչեւ դրան հասնելը մի բան ասեմ՝ իմ անձնական քաղաքական կարիերան Հայաստանում ավարտված է: Ավարտված է այն պահից, երբ ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններին ես արժանացա մեր ընտրողների ընդամենը 1%-ի քվեին: Վերջ: Այդքանով ամեն բան ասված է: Չեմ հետապնդում որեւէ նպատակ, չունեմ որեւէ նկրտում, որեւէ քաղաքական, պետական գործունեության մասին խոսք լինել չի կարող, որեւէ հավակնություն չունեմ, ոչ մի ակնկալիք չկա եւ լինել չի կարող: Իմ կյանքում համարում եմ հայաստանյան քաղաքական տիրույթը փակված, ավարտված, սպառված: Սա՝ հստակ»:
Նա բոլոր նրանց, որոնք իր հայտարարություններից հետո կփորձեն սեւացնել, այսպես ասած «փչացնել» իրեն ու իր ընտանիքը, եւս մեկ անգամ կրկնեց՝ Հայաստանում ինքը անելիք չունի, այդ էջն ավարտված է:
Ուրիխանյանը նշեց. «Այս պահից սկսած ժողովուրդը, հասարակությունը պիտի իմանան մի քանի պարզ բան՝ ինչ ստացավ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին իշխանություն նվիրելու արդյունքում ու ոնց պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանի բանկի կառավարիչը դառավ հանկարծակի փոխվարչապետ ու մինչեւ օրս մնաց, ոնց ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանի աշխատողներից մեկը՝ Արարատ Միրզոյանը դառավ ԱԺ նախագահ, ծեծվելուց հետո դառավ ԱԳ նախարար, ոնց սկսեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսը փոխելու գործընթացը, հանուն ինչի, ում պատճառով եւ ում մեղքով զոհվեցին շուրջ 5000 առանց այն էլ սակավաթիվ երիտասարդության մեր ներկայացուցիչները, երբ է սպասվում հաջորդ պատերազմը, ովքեր են դատվելու դրա արդյունքում, ինչ կապ ունի դրա հետ Գագիկ Ծառուկյանը, օրինակի համար, այո՛ Գագիկ Ծառուկյանը, հայաստանյան օլիգարխիայի այլ ներկայացուցիչներ, ինչ եմ տեսել ես 10 տարվա պատգամավորական գործունեության ընթացքում քաղաքական միջանցքներում:
Հիմա ինձ լսող, անհամբեր սպասող շատերից զգալի մասի սրտերը մի փոքր սառելու են: Ես շատ լավ հասկանում եմ, որ քրեական գործերն ընդամենը ծաղիկներ են այն ամբողջ ճանապարհին, որն ինձ սպասում է: Սրանից հետո Սերժ Սարգսյանի, Միքայել Մինասյանի, Ռոբերտ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի, իշխանական ՊՈԱԿ-ախառը սորոսական մեդիայի, պետական, ոչ պետական գրեթե միասնական ամբողջ հարթակի համար ես դառնալու եմ սեւացման առարկա: Այնքան քֆուր, որ լսելու եք իմ ու հարազատներիս հասցեին, չեք լսել երբեք, դե հիմա՝ որ անասունը կհավատա, դա արդեն իր պրոբլեմն է: Հիմա մեր հասարակությունում անասունների տարածումը շատ մեծ պրոգրեսիայով է տեղի ունենում: Քրեական գործերը, իհարկե, ծաղիկներ են, որ այդ ճանապարհին լինելու են»:
Նա խոսեց ֆիզիկական վտանգի մասին. «Ես քայլ անելիս շատ երկար եմ մտածում, իմ ինտելեկտուալ կարողություններին ծանոթ են ինձ հետ գործ բռնած, այդ թվում՝ այն մարդիկ, ում անունները տվեցի: Միանգամից ասեմ, որ աշխարհի բոլոր չարիքների մեջ թաթախված եմ եղել, սաղից ստացել եմ փող, բոլորի հետ համագործակցել եմ, հազար հանցագործություն կա, որ իմ կենսագրության մեջ է: Սերժի հետ էլ եմ տվել-առել, Ռոբերտի հետ էլ, Նիկոլ Փաշինյանի հետ էլ, առողջապահության նախարար եղած ժամանակ բա ինչքան եմ թալանել, էդ թալանածներով սաղ դզել, հետ եմ գցել: 3 սրոկ նստել եմ բանտում, հազար ընտանիք ունեմ՝ ապօրինի երեխեքով հանդերձ, այդ թվում՝ նեգրեր: Այն սեռաֆիզիոլոգիական քֆուրները էլ չեմ ասում, որ իմ մասին հնչելու են: Սաղի հանգիստ լինելու համար ասել եմ՝ Հայաստանում էլ անելիք չկա, բայց պիտի տրաքցնեմ սաղին: Վերջին անգամ, երբ որ հողերի հանձնման պրոցեսը հասել էր կուլմինացիային, ընդդիմություն կոչվածը հատուկ բերեց հասցրեց Նիկոլին մինչեւ ստորագրում»:
Նրա խոսքով՝ մեր երկրում դեռ կան մարդիկ, որոնք արժանի են, որ ճշմարտությունն իմանան, մարդիկ, ում ձեռքից խլեցին հայրենիքը:
Ուրիխանյանը հորդորեց մարդկանց քայլ անել, հակառակ դեպքում Հայաստանը կվերածվի Սիրիայի: Նա ասաց, որ իր ալիքում բացահայտումները կսկսի անել. «Ինձ պետք է միայն մի բան՝ երկիրս կործանածներից լուծել բարոյական վրեժ»:
Այս նյութը դիտել են - 1548 անգամ