«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց բարձրահարկ հյուրանոց կառուցելու շինթույլտվություն է տրվել․ «Հետք»
2022-10-21 21:09:00
«Հետքը» գրում է․ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Երևանի Աբովյան փողոց 5/5 հասցեում բարձրահարկ հյուրանոցային համալիր կառուցելու շինթույլտվություն է տվել։ Տեղեկատվությունը «Հետք»-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից՝ հաստատելով Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի մտահոգությունը։
Նախկին պաշտոնյան «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այսօր գրել էր․ «Երևանի քաղաքապետարանի հարգելի գործընկերներ, կարող եք պատասխանել՝ արդյոք ճիշտ են լուրերը, որ Աբովյան փողոցի 5/1,2,5 հասցեով կառույցին տվել եք շինթույլտվություն՝ նախկին (նկարում փակցված) նախագծով՝ 18 հարկ»։
Հյուրանոցի կառուցման թույլտվությունը Երևանի քաղաքապետը տվել է սեպտեմբերի 19-ին։ Շինարարության թույլտվություն ստացել է գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ կոնցեռն» ՍՊԸ-ն և նրա գործընկերները («Ա․Ա․Դ․ Հոթել ՓԲԸ»-ն և փաստաբան Դավթի Մանթաշյանը)։
Երևանի քաղաքապետ Հ․ Սարգսյանի օգոստոսի 19-ին տված նախագծման թույլտվությամբ նախատեսվել է կառույցը նախագծել 3 ստորգետնյա և շենքի հիմնական ծավալի համար մինչև 48 մետր բարձրությամբ, իսկ հետ ընկած գլանաձև հատվածի համար մինչև 71 մետր։
Աբովյան փողոցում հյուրանոց կառուցելու շինթույլտվությունը մեկ անգամ արդեն տրվել էր, սակայն 2018 թ․-ին մի քանի պատճառով կասեցվել էր շինարարությունը, և դատական գործընթաց էր սկսվել։ Այդ ժամանակ հյուրանոցի շենքի ստորգետնյա հարկերն ու առաջին երկու հարկը կառուցվել էին։
Գագիկ Ծառուկյանն ու իր գործընկերները «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց «Կեմպինսկի» հյուրանոցի կառուցման մասին 2019 թ․-ին քննարկում էին ունեցել, որի վերաբերյալ պատրաստված տեսանյութում ներկայացվում է հյուրանոցի էսքիզը։
Այս նյութը դիտել են - 1506 անգամ