Աննա Հակոբյանի հարցի պատասխանը2022-10-22 13:38:00
Փարիզում ֆրանսահայ կին հասարակական գործիչների հետ ընթրելուց հետո Աննա Հակոբյանը հերթական ֆեսյբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ նկարագրելով, թե ինչպիսի թեժ մթնոլորոտում է անցել քննարկումը՝ դուրս ֆրանսիական բարեկրթության նորմերից: «…Մենք փորձում էինք հասկանալ՝ այդ ի՞նչն ենք սխալ անում Հայաստանում և Սփյուռքում, որ մեր փոքրիկ և թանկ Հայրենիքի վերքերը ավելանում ու ավելանում են՝ ապաքինվելու փոխարեն»,-մասնավորապես՝ որոշակի փակագծեր է բացել այդ հանդիպումից վարչապետի կինը:
Երկար-բարակ քննարկումների կարիք իրականում չկա, քանի որ Աննա Հակոբյանի բարձրացրած հարցի պատասխանն անչափ տրիվիալ է, ահավոր պարզունակ:
Որքան էլ սփյուռքահայերի հետ՝անկախ նրանց սեռից, տարվեն աշխատանքներ, նրանց ենթարկեն ինստրուկտաժի կամ էլ ջանան համոզել, թե իբր Հայաստանի իշխանություններն անում են ամեն ինչ, ձեռնքերից եկածը, որ երկրի գործերը լավ ընթանան, միևնույն է՝ հավատացող չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ այդ ամենը պրակտիկորեն փաստող որևիցե բան որևէ մեկի ձեռքի տակ չկա:
Ենթադրելի է, որ հասարակական գործունեություն ծավալող ֆրանսահայ կանայք մեղադրական հայտարարություններով են հանդես եկել՝ կոնկրետ Աննա Հակոբյանին ու ամուսնուն մեղադրելով ոչ թե հայկական օրակարգի, այլ թրքական շահերի սպասարկման համար: Ով-ով, բայց Սփյուռքը նույնիսկ ենթագիտակցաբար է հասկանում՝ ինչ է կատարվում Հայաստանում, ինչպես են Սփյուռքը ջլատում, ինչպես են ծածուկ կերպով Հայաստանը թուրքերին հանձնում:
Ինչ վերաբերում է հնչեցված հարցին՝ ի՞նչն այնպես չի արվում, ապա սրա պատասխանը շատ պարզ է՝ որևիցե բան, որ արվում է, արվում է այնպես, որ արդյունք չտա, կամ արվում է այն, ինչն ուղղակի հակացուցված է Հայասանի համար: Սկսած ներքին կյանքից ու հասարակական հարաբերություններից մինչև արտաքին քաղաքական ճակատ Հայաստանն այսօր խրված է մինչև ծնկները, ու չկա չի երևում այն փրկօղակը, որին ձեռքը մեկնելով՝ կարող ենք փրկվել:
Պատահակա՞ն է, ո՛չ, բնկանաբար, իսկ կատարվածի ու կատարվողի, ինչպես նաև կատարվելիքի ողջ պատասխանատվությունը մնում է իշխանությունների վրա, որից փախչել նրանք չեն կարող հավետիտյան:
Այս նյութը դիտել են - 1137 անգամ