Հայաստանյան կոռուպցիայի արմատը. ի՞նչ արատավոր մեխանիզմ է գործում
2022-10-24 10:44:00


Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեում հայտարարել է, թե հակակոռուպցիոն պայքարի առումով չափազանց կարևորում է այդ գործով զբաղվող մարդկանց սոցիալական երաշխիքների համակարգը՝ ընդգծելով, որ քննիչներին, դատավորներին, դատախազներին, ոստիկաններին առատաձեռնորեն վարձատրելու պրակտիկան կոչված է ոչ թե երջանկացնելու համապատասխան ոլորտների աշխատակիցներին, այլ՝ ժողովրդի, հանրության շահերի պաշտպանությանը: Այդ մարդիկ ժողովրդի շահերը պիտի պաշտպանեն:
Կոռուպցիայի դեմ անխոնջ պայքարի վերաբերյալ խոստումն այն հիմնական հաղթաթուղթը դարձավ, որի միջոցով 2018-ին ՔՊ-ն վերցրեց իշխանությունն ու ստանձնեց երկրի հետագա ճակատագրի համար սեփական բաժին պատասխանատվությունը, որի վերջնարդյունքը դեռ պետք է ամբողջությամբ վերլուծել, հասկանալ ավերի այն տիտանական մասշտաբը, որ այս ուժն առաջացրեց՝ տարիներ առաջ գալով իշխանության:
Գալով Նիկոլ Փաշինյանի՝ հայտարարությանն այն մասին, թե կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունն ուղիղ համեմատական է կամ ուղղակիորեն կախված է համապատասխան ոլորտների աշխատակիցների ստացած աշխատավարձերից՝ պետք է ֆիքսել, որ առնվազը Հայաստանի պարագայում այդ տեսակետը թյուր է, քանի որ նախևառաջ այսօր կոռուպցիայի աղբյուրը հենց իշխանությունն է՝ նկատի ունենալով «կոռուպցիա» ասվածի դասական սահմանումը:
Ին՞չ է կոռուպցիան:
Այն անձնական կամ այլ շահադիտական նպատակով, տարբեր ձևերով արտահայտված (գործողությամբ կամ անգործությամբ) ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահումն է։
Կոռուպցիա է ինչպես կաշառակերությունը, այնպես էլ հովանավորչությունը՝ մի բան, որ ահավոր մեծ տարածում ունի Հայաստանում: Ընդ որում՝ կա նաև «քաղաքական կոռուպցիա» հասկացությունը, որին բնորոշ տարրերը լայնորեն տարածված են հայ իրականությունում ոչ պակաս, քան նախկինում էր:
Հետևաբար՝ քննիչներին, դատավորներին, դատախազներին, ոստիկաններին առատաձեռնորեն վարձատրելն ու պարգևավճարներ բաշխելը պայմանավորված է ոչ թե կոռուպցիայի դեմ պայքար մղելու իրական ցանկությամբ, այլ ուժայիններին ու դատաիրավական ողջ համակարգը իշխանությունների քաղաքական նպատակներին ավելի հեշտ ծառայեցնելու ձգտմամբ: Միայն ընդդիմության նկատմամբ գործած հանցանքերի ու սխալ դատավճիռների բազմությունը բավական է՝ հասկանալու, թե ինչի հետ գործ ունենք:
Կա ներքին պայմանավորվածություն Փաշինյանի ու ուժայինների միջև՝ «Ես՝ քեզ, դու՝ ինձ» հայտնի սկզբունքով: Իշխանությունները հոգում են համապատասխան պաշտոնյաների կարիքներն ամենաբարձր մակարդակով՝ հաճախ «աչք փակելով» բացահայտ անօրինականությունների վրա, իսկ վերջիններս էլ պարտավորվում են պահել վարչապետի աթոռն ու ամրացնել իշխանությունների դիրքերը՝ խեղդելով քաղաքական ընդդիմության, հասարակության ցասումն ու բողոքի ձայնը:
Սա է այսօր կատարվում՝ անկախ այն բանից, թե վարչապետը որտեղ ինչ է հայտարարում:
Այս նյութը դիտել են - 1348 անգամ