Ահա թե ինչու են կաթողիկոսները մերժել Զարեհ Սինանյանին2022-10-26 00:25:00
«Առաջին ալիքի» եթերում Զարեհ Սինանյանը գանգատվել է կաթողիկոսներից, որ վերջիններս մերժել են իր հրավերը՝ մասնակցելու Երևանում կայանալիք Համաշխարհային հայկական համաժողովին: «Հանդիպել եմ երկու կաթողիկոսների հետ։ Իրենք տարբեր պատճառներով չեն ուզում մասնակցել։ Գարեգին Բ-ն չէր ուզում, ասում էր, որ պատճառը կառավարության կողմից ոչ բարյացակամ վերաբերմունքն է…Արամ Ա-ն ասում էր՝ միջավայրը հեղհեղոկ և տոքսիկ է, ու այս պահին ճիշտ չէ հավաքվել»,-կաթողիկոսների հետ իր ունեցած շփումներից որոշ մանրամասներ է հայտնել Սինանյանը՝ միաժամանակ իր անհամաձայնությունը հայտնելով նրանց տեսակետների հետ. այսօր օրհասական պահեր է ապրում մեր պետությունը, ուստի հենց սա է պահը, որ պետք է «միաբանվենք»։
Կարևոր է հասկանալ՝ ինչն է ստիպել կաթողիկոսներին մերժել իշխանական նոու-հաուն, որի պրոդյուսինգով, փաստորեն, զբաղվում է անձամբ Սինանյանը:
Բանն այն է, որ կաթողիկոսները, լինելով ամեն ինչին շատ լավ քաջատեղյակ, հասկանում են իշխանությունների հեռուն գնացող պլանները, հասկանում են, որ «Համաշխարհային հայկական համաժողով» կոչվածը ոչ թե ձեռնարկվում է՝ Զարեհ Սինանյանի «երազած» միասնությունն ամրացնելու, այլ քիչ թե շատ գոյություն ունեցող միասնականությունը քայքայելու համար: Եվ քանի որ հասկանում են, հետևաբար՝ չեն ցանկանում իրենց ավանդը ներդնել Սինանյան-Փաշինյան զույգի արկածախնդրության մեջ՝ հրաշալիորեն գիտակցելով հեռուն գնացող հետևանքները:
Գաղտնիք չէ, որ հայ եկեղեցին, լինելով հայ ժողովրդի հոգևոր տունն ու ինքնության կարևորագույն բաղադրիչներից մեկը, նաև հանդիսանում է համաշխարհային հայկական ամենամեծ կառույցը, որ իր շուրջ է համախմբում աշխարհի բոլոր հայերին՝ անկախ ամեն ինչից: Սփյուռքի առանցքն է եկեղեցին, իսկ Սփյուռքը պառակտելուն ուղղված ամեն մի քայլ չի կարող ուղղված չլինել ընդդեմ եկեղեցու նաև: Այս իմաստով Սինանյանի նախաձեռնությունը գուցե ոչ ուղղակիորեն, բայց առնվազն երկրորդային մակարդակում հարվածի տակ է դնում նաև եկեղեցու դիրքերը, հարվածում հայ ժողովրդի հոգևոր միասնությանը:
Եթե իսկապես կա ցանկություն՝ ոչ թե պառակտելու, այլ միավորելու հայությանն ընդդեմ համահայկական բնույթ կրող փորձությունների, ապա նոր հեծանիվ հորինելու կարիք Սինանյանը բնավ չունի: Դրա համար ընդամենն անհրաժեշտ էր այս ընթացքում ի ցույց դնել սեփական անկեղծ մղումն ու հմտությունները՝ հասնելու Սփյուռքի բարօրությանը, միաբանմանը, իսկ մնացյալ հարցերը կլուծվեին ինքնաբերաբար, առանց ավելորդ խոչընդոտների:
Ոչ մի հայ չի կարող ջուր լցնել Թուրքիայի ջրաղացին, եթե նույնիսկ այդ ջրաղացի պատին գրված է «Զարեհ Սինանյան»:
Այս նյութը դիտել են - 1744 անգամ