Որքա՜ն շոշափելի դարձավ «դավաճան» բառը, որ մտավ տնից տուն ու կախված մնաց օդում2022-11-09 15:54:00
Երկու տարի առաջ նոյեմբերի 9-ի պայմանագիրը մի նոր ցնցում էր հայության համար։ Զինադադար ու գրչի մի հարված, որ գլխիվայր շրջեց ամեն ինչ։ Եվ որքա՜ն շոշափելի դարձավ «դավաճան» բառը, որ մտավ տնից տուն ու կախված մնաց օդում։
Նոր օրերում պարտադրված «խաղաղությա» պայմանագիր և «օդում կախված» Արցախ /Ղարաբաղ/, որի անունը ձգտում ենք փնտրել նոյեմբերի 9-ի պայմանագրում, երբ ազերի պարագլուխը փակված է համարում մի երկրի հարց, որտեղ ապրում են 120 հազար արցախցիներ։
Ի՞նչ տվեց հայերիս այս երկու տարին։ Մարդկային և հայրենյաց կորուստների անամոք ցավ, մեր հոգում և մեր շուրջը թողած ավերածություններ...Անհաշիվ բանակցություններ, տարբեր հանդիպումներ, թաքուն թե անթաքույց խոստումներ, բազում որոգայթներ...
Ապա «գլխացավանք դարձած» Արցախի «անջատում» մայր Հայաստանից` վայրագ ցեղի գիրկը նետելու մտադրությամբ, թե Արցախը Ադրբեջանի մաս է, ու Հայաստանը չի կարող Արցախի անվտանգությունն ապահովել։
Կռվախնձոր դարձած մի կտոր երկիր շարունակում է իր գոյության կռիվը` մաքառելով, արարելով, ստեղծելով նորը, մինչդեռ արցախցիներիս վրա կարգված ապաշնորհ ու դաժան տերերը սկուտեղի վրա դրված Արցախի արնոտած վերքերն են քրքրում...
Նոյեմբերի 9-ի պայմանագիրը մյուս կողմից Արցախի այս մի կտորը փրկեց գազանի երախից։ Այս երկու տարում հայրենիքում ապրելու մեր անվտանգության երաշխավորը դարձավ ռուս խաղաղապահը։ Բայց արևմտամետ թե ամերիկամետ և հակառուս հայերի թիրախում հայտնվեցին արցախցիները, ովքեր իրենց փրկության համար ապավեն դարձրին ռուս խաղաղապահներին։
Անկախ նրանից, թե ում հաճելի չէ Արցախի ընտրած ճանապարհը, մենք ապրել ենք ուզում առանց մեզ խոցոտելու, առանց քրքրելու մեր չսպիացած վերքերը` մեր սրտում ու հոգում ունենալով համայն հայության միասնական ուժը։
Նատաշա Պողոսյան
Այս նյութը դիտել են - 1319 անգամ