Փտախտը խորանում է. ի՞նչն է սնում հրեշին2022-11-16 15:58:00
Պեմզաշենի ողբերգական դեպքը, որի վերաբերյալ այս օրերին մամուլում տարբեր վարկածներ են շրջանառվում, բացի ողբերգություն լինելուց, լրջագույն մտորումների տեղիք տվող աղետ է, որի շերտերը դեռևս պետք է վերհանվեն ու լրջագույնս վերլուծվեն՝ հասկանալու հանրության կամ առնվազը դրա որոշ շերտի իրական հոգեվիճակը:
Նախ՝ անքննարկելի է, որ կատարվածը խոսում է հասարակության ներսում կուտակված բացասական մեծ էներգիայի մասին, որը բաց է թողնվում պարբերաբար կատարվող աղմկահարույց հանցագործությունների տեսքով: Այդ իմաստով լրջագույնս խորհելու տեղ ունենք, իսկ մարտահրավերը բավական գլոբալ է: Հասարակության բարոյական արժեհամակարգը քայքայված է, իսկ պատժից վախենալու առիթ հանցագործները կարես չունեն: Այդ իմաստով տեղի ունեցածը կարելի է նաև համարել իրավապահների մեծ բացթողում և, առհասարակ, այդ համակարգի հեղինակությանը հասցված մեծ հարված: Տարիներ ի վեր ոստիկանները զբաղված են իշխանությունների քաղաքական պատվերները կատարելով՝ ի հաշիվ իրական օգտակար գործողության գործակցի, իսկ լավ աշխատանքի չափորոշիչներն այլասերվել են:
Ի դեպ՝ տեղին է նկատել, որ ըստ վիճակագրական վեջին տվյալների՝ 2022-ի ընթացքում տարբեր բնույթի ու ծանրության հանցագործությունների թիվը բավական մեծ աճ է ցույց տվել, ինչը նույնպես իրավապահների անարդյունավետ աշխատանքի արդյունք է, փաստորեն :
Բայց կատարվածի համար ամենամեծ պատասխանատվությունը թերևս քաղաքական իշխանություններն են կրում, քանի որ նրանք են պատասխանատու այն մթնոլորտի ձևավորման համար, որն այսօր առկա է ողջ երկրում:
Շատերը հրաժարվում են հավատալ, որ անմարդկային գազանության հեղինակները հայեր են: Հայ մարդու արժեհամակարգն ու ընդհանուր կերպարը ձևախեղել են այնպես, որ շատ հայեր կամ հայաստանցիներ դարձել են գազան՝ ուրանալով սեփական արյունը: Դա հետևանք է ինքնագիտակցության լղոզվածության, արժեքների անկման ու տգիտության:
Այսօր հայաստանան հանրությունը խորը հիվանդ է, ու փոխարենը միմյանց հանդեպ սեր ու հանդուրժողականություն քարոզելու, իշխանությունները լծվել են թուրքերի նկատմամբ սիրո անհրաժեշտության վերաբերյալ քարոզին՝ ստիպելով մարդկանց կասկածել՝ ով է իրական բարեկամը, ով՝ թշնամին:
Հայաստանը ներսից փտում է, ու չկա մեկը, որ ի վիճակի լինի կասեցնել պրոցեսը:
Գ.Մ.
Այս նյութը դիտել են - 1432 անգամ