Զարեհ Սինանյանի ցավոտ արձանագրումը. իսկ ի՞նչ եղավ հեղափոխությունը2022-11-21 13:14:00
Արձանագրելով, որ Կալիֆոռնիայի տնտեսությունն 5-6-րդն է աշխարհում, ու հայկական արտադրության համար այն կարող է դառնալ անսպառ շուկա՝ Զարեհ Սինանյանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ մի կողմից՝ Հայաստանն ունի ապրանքի, արտադրանքի բարձր որակի ապահովման խնդիր՝ մրցունակ դարձնելու սեփական պրոդուկտն արտասահմանում, մյուս խնդիրը որակյալ ապրանքների արտադրության ճիշտ ծավալներ ապահովելու հետ կապված դժվարություններն են, որը Հայաստանը չի կարողանում հաղթահարել:
Ըստ Սինանյանի՝ չնայած որոշ հայ արտադրողներ կարողացել են ամերիկյան առևտրային առաջատար կազմակերպությունների ուշադրությունը գրավել, սակայն քանի որ չեն կարողացել ապահովել համապատասխան ծավալ, գործարք չի կայացել:
Զարեհ Սինանյանը շոշափել է ցավոտ մի խնդիր, որի արմատները բավական խորն են ու գալիս են տասնամյակներից. անկախությունից ի վեր Հայաստանի տնտեսությունը գլխավորապես հենված է ներկրման վրա, ու չնայած հեղափոխությունը խոստանում էր արմատական վերանայման ենթարկել նաև այս բացը՝ փոխելով տնտեսության կառուցվածքն ու առաջնահերթությունները, սակայն այսօր նույն Զարեհ Սինանյանը՝ իշխանությունների թիմակիցը, ստիպված է արձանագրել այդպես էլ բաց մնացած խնդիրն ու ընդամենն ափսոսանք հայտնել:
Ընդ որում՝ հետաքրքիր է, որ չնայած իշխանությունների կողմից հնչեցվող խոստումնալից թվերին ու տնտեսական աճի մասին հավաստիացումներին՝ Հայաստանում տնտեսական իրական սեգմենտն աճ չի գրանցում, արտադրությունն անկում է ապրում, ինչը պայմանավորված է նաև էժանացած դոլարով, ու միակ բանը, ինչին այժմ ականատաես ենք դառնում, Կառավարության՝ Հայաստանի տնտեսությունը թուրքական ասեղի վրա նստեցնելուն միտված քաղաքականությունն է՝ սահմանների բացման հեռանկարով:
Ի թիվս այլ խնդիրների կա ևս մեկ կարևոր խոչընդոտ, որը կասեցնում է ՀՀ տնտեսության առաջընթացը: Բանկերի կողմից վարվող կեղեքիչ քաղաքականությունն է, իսկ որպեսզի Հայաստանն ի վիճակի լինի արտադրել համապատասխան ծավալների որակյալ արտադրանք, նախ պետք է վերանայվեն բանկերի նկատմամբ պետության որդեգրած մոտեցումները:
Քանի դեռ Հայաստանում փողը էժան չէ, տնտեսությունը դոփելու է տեղում, քանզի բանկերի կողմից բիզնեսին տրվող վարկերի տոկոսադրույքներն աստղաբաշխական թվերի են հասնում, ինչը մեծացնում է ապրանքի ինքնարժեքը, անհասանելի դարձնում այդ վարկերը, իսկ պետությունն էլ չի կամենում բանկերին կարգի հրավիրել՝ սպասարկելով, ըստ էության, հենց նրանց, այլ ոչ թե ժողովրդի շահերը:
Բայց մի՞թե բանկերի շահերն ի հաշիվ ազգային շահերի սպասակման համար էր հայ ժողովուրդը 2018-ին Նիկոլ Փաշինյանին իշխանության բերում, հեղափոխություն անում…
Այս նյութը դիտել են - 1606 անգամ