Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին. Ամերիկայի հայկական համագումար
2022-12-08 10:11:00
Ամերիկայի հայկական համագումարը ողջունել է Ազգային պաշտպանության լիազորման ակտի (FY2023 NDAA) վերջնական տարբերակը, որը դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրի սեպտեմբերյան խախտումները և հստակեցնում, որ «ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը դիվանագիտական նպատակներ հետապնդելու համար միանգամայն անընդունելի է»: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայկական Համագումարի տարածած հաղորդագրությունում:
«Չնայած 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին հայտարարությանը, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել և բանտարկել հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին՝ միաժամանակ շարունակաբար հարձակումներ իրականացնելով Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա, վերջինը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին էր։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանը, Թուրքիայի լիակատար և բացահայտ աջակցությամբ, պարբերաբար խախտում է սահմանները և բախումներ է նախաձեռնում, որոնք սպառնում են հայ ժողովրդի անվտանգությանը և հանգեցնում հարյուրավոր զինվորների մահվան՝ վեհաժողովը նախագահ Բայդենին կոչ է անում դիտորդներ ուղարկել՝ օգնելու կանխել հերթական ցեղասպանությունը»,- նշվում է հաղորդագրությունում:
Փաստաթուղթը պարունակում է մի դրույթ, որը արգելում է նախագահին վաճառել կամ թույլատրել նոր F-16 ինքնաթիռների կամ F-16 արդիականացման տեխնոլոգիաների կամ արդիականացման փաթեթների Թուրքիա արտահանման լիցենզիա:
Այս նյութը դիտել են - 36712 անգամ