Նիկոլ Փաշինյանը թևաթափ է անում հայությանը
2022-12-12 09:48:00
 
Բավական մեծ աղմուկ է բարձրացրել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն միտքը, որ չնայած իրեն թուրք են ասում՝ մեղադրելով դավաճանության համար, սակայն դրանից ինքը չի վիրավորվում, այլ դա համարում է անհարկի, քանի որ դրանով միջէթնիկ ատելություն է բորբոքվում, այնինչ ՀՀ իշխանությունները նպատակ ունեն տարածաշրջանում հաստատել ժողովուրդների բարեկամություն, վերջ տալ թշնամանքին:
Նիկոլ Փաշինյանի ելույթը հնչել է մի իրավիճակում, երբ բոլորին է հայտնի, թե ինչ իրավիճակ է Լաչինի միջանցքում, և թե ինչպես են ադրբեջանցիներն ամեն գնով փորձում փակել Հայաստան-Արցախ կապը՝ ճանապարհներին իբր բնապահպանների ցույցեր կազմակերպելով, վրաններ տեղադրել տալով և այլն: Բաքուն անում է ամեն ինչ՝ պատերազմ հրահրելու ու տարածաշրջանը հերթական անգամ պայթեցնելու:
Նիկոլ Փաշինյանի ելույթում տեղ գտած թեզերը ոչ միայն ապազգային են, այլև՝ թերևս թևաթափ անող: Նմանբովանդակ հայտարարություններ հնչեցնել մի դեպքում, երբ թշնամին՝ թուրքը, պատրաստվում է քեզ վրա գրոհել՝ ջնջելով ամեն հայկականը, կարելի է ուղղակի որպես անմեղսունակություն գնահատել: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյանի այս կենսափիլիսոփայությունը կարելի է ուղիղ հարված համարել՝ նաև Սփյուռքին, որը ցեմենտող շաղախը հենց սեփական հայկականության անշփոթելիությունն ու հայոց պահանջատիրությունն է: Տեսնես կհգտնվի՞ ողջ աշխարհում էլի մի հայ, որ դեմ չլինի իրեն թուրք անվանելուն…
Ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը լոկ խոսքեր չեն, այլ վաղուց հանդիսանում են պետական քաղաքականության կարևորագույն բաղադրիչ: Այս իշխանությունները խաղաղություն են քարոզում այն ժողովրդի ու պետությունների հետ, որոնց գոյության իմաստը հայ ժողովրդի չլինելությունն է այստեղ, Սփյուռքի ոչնչացումն ու ամեն հայկականի լուծարումը:
Ահա այսպիսի իրականության մեջ է ապրում այսօր Հայաստանի ժողովուրդը, որի մի զգալի մասը, ցավոք, շարունակում է մնալ հեղափոխական թմբիրի մեջ՝ կորցնելով ինքնապահպանման բնազդը:
Այս նյութը դիտել են - 991 անգամ