Հայաստանին երկրորդ արցախյան շարժում է անհրաժեշտ
2022-12-13 12:52:00
Արցախի շուրջ ստեղծված հումանիտար ու անվտանգային ճգնաժամը հետզհետե խորանում է: Բանը հասել է նրան, որ ադրբեջանցիներն այլևս սպառնում են պատերազմական գործողություններով, եթե իրենց ուզած սցենարով չհանգուցալուծվի այն արհեստածին վիճակը, որի վերջնանպատակն Արցախում հայերի ջարդ իրականացնելն է:
Այս իրավիճակում ՀՀ իշխանությունների սառնասրտությունն ուղղակի ապշեցնող է: Այնպիսի տպավորություն է, որ կարծես ոչ թե Արցախի հետ է այս ամբողջ ողբերգությունը տեղի ունենում, այլ՝ ասենք ինչ-որ հետամնաց աֆրիկյան երկրում: Միակ բանը, որով այժմ զբաղված են ՀՀ իշխանությունները, խաղաղապահներին իրենց պարտականությունների մասին հիշեցնելն ու նոյեմբերի 9-ի հայտարարությանը հղում անելն է, ինչպես նաև կոչեր հնչեցնելը՝ միջազգային հանրությանը՝անուշադրության չմատնելու արցախահայատության կենսական խնդիրները:
Իրավիճակից հեշտ ելքեր պետք չէ փնտրել, իսկ իշխանությունների վախվորած քայլերն ակնհայտորեն չեն տալու ոչ մի արդյունք՝ է՛լ ավելի բացելով ազերիների ախորժակը: Ստեղծված իրավիճակում միակ իրական ելք կարող է դառնալ նոր արցախյան շարժման ձևավորումը 80-ականների վերջերի օրինակով, երբ ողջ հայությունը ոտքի կանգնեց՝ հասնելու իր համազգային նպատակադրմանը ու հասավ:
Եթե հաջողվեց կրկնել անցյալի սխրանքն ու բովադակ հայ ժողովրդին մեկտեղել գլխավոր օրակարգի շուրջ, ապա շատ մեծ է հավանականությունը, որ ոչ միայն կփշրվեն Ադբեջանի ատամները, այլև Հայաստանը վերջապես դուրս կգա այս ծնկած վիճակից՝ վերագնտնելով իր իրական կերպարը: Բայց ողջ խնդիրն այն է, որ նման շարժման ձևավորման համար հարկավոր է նախևառաջ իշխանությունների բարի կամքը, որը, ինչպես երևում է, ոչ միայն չկա, այլև դատելով իշխանությունների կողմից հնչող հայտարարություններից՝ պաշտոնական Երևանն Արցախն ամբողջությամբ օտարել է իրենից՝ սեպ խրելով հայ ժողովրդի բոլոր հատվածների՝ հայաստանցիների, Սփյուռքի ու արցախահայության միջև:
Այս նյութը դիտել են - 1034 անգամ